Մատչելիության հղումներ

Եւս մեկ տուժող պնդեց, որ իրենց ծեծի ենթարկողները «մոտ 20 հոգի էին»


Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Հարսնաքար»-ի գործով ցուցմունք տված երրորդ տուժողը՝ դեպքից 12 օր անց հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի քենեկալ Էդգար Նիկոյանը նկարագրեց անձանց, որոնք այս գործով ներգրավված չեն:

Նա պնդեց, թե «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում ծեծողները շատ էին` մոտ քսան հոգի:

Հիշեցնեմ, քրեական գործում չներգրավված, բայց «Հարսնաքար»-ի դեպքերին մասնակից անձանց ավելի վաղ իր ցուցմունքում նկարագրել էր նաեւ տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանը:

Էդգար Նիկոյանը մանրամասնորեն պատմեց հունիսի 17-ին տեղի ունեցածը: Նրա պնդմամբ, Վահե Ավետյանի եւ ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանի միջեւ տեղի ունեցած այն խոսակցության ժամանակ, որը հրահրելէր միջադեպը, վերջինս «ագրեսիվ, ջղային» վերաբերմունք էր դրսեւորել, որ իրենք ռեստորանի սրահում չեն հայհոյել, իր եւ իր ընկերների վարքագիծը եղել է պատշաճ:

Այսօրվա դատական նիստի ժամանակ նույնպես բազմաթիվ հարցեր հնչեցին ամբաստանյալների կոնկրետ գործողությունների վերաբերյալ:

Ամբաստանյալների պաշտպանները, ինչպես նախորդ նիստերին, այսօր էլ զանազան պատրվակներ էին վկայաբերում՝ այդպիսով անհնարին համարելով դատավորի նշանակած նիստերին մասնակցելը:

Դատավոր Դավիթ Հարությունյանն ամբաստանյալների պաշտպաններից երկուսի բացակայությունն արդեն համարել է անհարգելի եւ զգուշացրել է բացակայությունների կրկնության դեպքում դատական սանկցիա կիրառելու հնարավոության մասին:

Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 3-ին:
XS
SM
MD
LG