Մատչելիության հղումներ

«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի մրցույթում անցյալ ուրբաթ միակ թեկնածուի՝ Գաբրիել Պողոսյանի հաղթանակից հետո աղմուկ բարձրացրին բնապահպան ակտիվիսիտները՝ պնդելով, թե այդ թեկնածուն չի ծառայելու արգելոցին, չի կարողանալու պայքարել որսագողերի դեմ: Իսկ արգելոցը ֆինանսավորող երկու հիմնադրամները դադարեցրին իրենց համագործակցությունը՝ նշելով, որ թեկնածուն չունի համապաստախն կրթություն:

Օրեր անց նախարարությունը հայտնեց, որ Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել արգելոցի տնօրենի պաշտոնում` մանրամասնելով, որ Պողոսյանը, գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու իր դիմումին:

«Մենք ողջունել ենք նախարարության նման քայլը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ղեկավար Արման Վերմիշյանը` հավելելով. - «Մեր կազմակերպությունը շնորհակալական նամակ է ուղարկել եւ հայտնել է իր պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը: Այսինքն` Խոսրովի արգելոցում պատրաստակամություն ենք հայտնել նորից բացել ֆինանսավորումը»:

Հիշեցնենք, որ այս եւ Վայրի բնության հիմնադրամի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո, որ իրենք կարող են դադարեցնել արգելոցի ֆինանսավորումը, նախարարությունը շատ կոշտ պատասխան էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ երկու հիմանդրամների ղեկավարները գերազանցում են իրենց վերապահված իրավասությունները:

Վերմիշյանը չցանկացավ մեկնաբանել այս հայտարարությունը. - «Ուղղակի իմաստ չունի նման նամակին արձագանքելը»:

Արման Վերմիշյանն ավելացնում է, որ Հայաստանի բնության խնդիրներն այնքան շատ են, որ ավելի լավ է իրենք եւ Բնապահպանության նախարարությունը ուղղեն համատեղ ուժերը հատուկ պահպանվող տարածքների բարելավմանը եւ ավելի շատ գումարներ բերեն Հայաստան:

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը կարծում է, որ միջազգային կազմակերպությունները շտապել են հայտնել, որ կվերսկսեն ֆինանսավորումը, քանի որ չի բացառվում, որ հաջորդ մրցույթին նույնպես մասնակցեն վստահություն չներշնչող թեկնածուներ:

Նա փոխանցեց նաեւ, որ ակտիվիստ երիտասադները փնտրել են ու գտել են համապատասխան փորձ ու կրթություն ունեցող թեկնածուների, ովքեր կդիմեն մրցույթին: Թե ովքեր են այդ թեկնածուները դեռեւս հայտնել չեն ցանկանում: Դեմ են թեկնածուները:

«Մենք ունենք երկու թեկնածու, որոնք պատրաստն են, որովհետեւ մենք իրենց խոստացել ենք, որ իրենք մենակ չեն լինելու այդ պաշտոնում», - ասաց Ներսիսյանը:

Արման Վերմիշյանը կարծում է, որ երկրորդ անգամ մրցույթը կկայանա, իսկ Խոսրովի անտառում դեռեւս շատ անելիքներ կան, չեն պահպանվում արգելոցի սահմանները, ինչը դառնում է որսագողության պատճառ հատկապես Կաքավաբերդի տեղամասում, որտեղ էլ հայտնաբերվել էր որսագողության վերջին դեպքը:

Բնապահպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին, որ արգելոցի տնօրենի նոր մրցույթ դեռեւս չի հայտարարվել:
XS
SM
MD
LG