Մատչելիության հղումներ

logo-print

Փլուզված կիսակառույցի շինարարությունն իրականացվել է «կոպիտ խախտումներով»


Փրկարարները աշխատում են Երեւանի կենտրոնում փլուզված շինությանում, 25-ը հոկտեմբերի, 2012

Փրկարարները աշխատում են Երեւանի կենտրոնում փլուզված շինությանում, 25-ը հոկտեմբերի, 2012

Երեւանի կենտրոնում` Խանջյան 20 հասցեում «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ընկերությունների իրականացրած շինարարության ժամանակ տեղի ունեցած փլուզման պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունը արդեն ավարտել է փորձաքննությունը եւ եզրակացրել, որ շինարարությունն իրականացվել է կոպիտ խախտումներով:

«Բացօթյա սրճարանի եւ զվարճալիքների կենտրոնի շինարարական աշխատանքները կատարվել են նախագծային լուծումների, գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի եւ շինարտադրության տեխնոլոգիական պահանջների կոպիտ խախտումներով: Իսկ դա որակվում է որպես ինքնակամ [շինություն]», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց տեսչության պետ, քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Սեւադա Հայրապետյանը:

Հոկտեմբերի 25-ին շինության փլուզման հետեւանքով 11 մարդ մնացել էր փլվածքի տակ եւ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փլուզման փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման հատկանիշներով: Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ըստ Քաղաքաշինական պետական տեսչության պետի` ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսված է եղել մշակել բացօթյա սրճարանի եւ զվարճալիքների կենտրոնի նախագիծ` սպասարկման նկուղային տարածքով, բոուլինգ կենտրոնով եւ թեթեւ կոնստրուկցիաներով իրականացվող հովանոց-ծածկերով: Սակայն ինչպես ասաց Հայրապետյանը, փաստացի կառուցված շինությունը չի համապատասխանում ճարտարապետահատակագծային առաջադրանքին:

«Փաստորեն տեղի են ունեցել նախագծային լուծումների կոպիտ խախտումներ: Թերացել է կառուցապատողը, թերացումներ կան նաեւ կառուցողի, նախագծող եւ փորձաքննություն իրականացնողի աշխատանքներում», - ասաց Քաղաքաշինական պետական տեսչության պետը:

Շինարարությունն իրականացրել է «Չիլինգարյան» ընկերությունը, հեղինակային հսկողությունն իրականացրել է «Ֆուլ արթ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը «Հադեք» ընկերությունը:

«Նախագծի ոչ ճիշտ իրականացման համար պատասխանատվություն է կրում տեխնիկական հսկողություն իրականացնող «Հադեք» ՍՊԸ-ն, ինչպես նաեւ հեղինակային հսկողություն իրականացնող «Ֆուլ արթ» կազմակերպությունը: Իսկ աշխատանքների կատարման տեսակետից պատասխանատվություն է կրում «Չիլինգարյան» ՍՊԸ-ն», - ասաց Հայրապետյանը:

«Հադեք» եւ «Չիլինգարյան» ընկերությունների հետ կապվել չհաջողվեց, իսկ հեղինակային վերահսկողություն իրականացնող «Ֆուլ արթ» ընկերության ղեկավար Արտակ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք նախագծել են միայն նկուղային հարկերը եւ վերգետնյա մեկ հարկանի փոքր շինությունը:
XS
SM
MD
LG