Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հույժ կարեւոր է Ղարաբաղի վերադարձը գործընթաց»


Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման միակ ընդունելի հարթակը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափն է: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» գիտական ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում։

Հայաստանի նախագահը հատուկ ընդգծել է, որ «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմանը կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության եւ սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի երաշխավորված ապահովման դեպքում»: «Այս առումով հույժ կարեւոր է ԼՂՀ վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

«Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հայտարարությունները եւ պետական ամենաբարձր մակարդակով հայատյացության քարոզը, ինչի վերջին դրսեւորումն էր քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա Սաֆարովի հերոսացումը, լրջորեն սպառնում են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությանը», - հայտարարել է նախագահը` շարունակելով. - «Ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված է առանձնահատուկ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի բարեփոխման ու բարելավման վրա` որպես Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունները զսպող եւ Հարավային Կովկասում կայունություն ապահովող գործոն»:

«2008 թվականին Հայաստանը նախաձեռնեց Հայաստան - Թուրքիա հարաբերություն-ների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ նպատակ ունենալով հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ առանց նախապայմանների բացել սահմանները: Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, այսօր էլ հավատարիմ է մնում հարաբերությունների կարգավորման հիմքում դրված այդ սկզբունքներին», - նշել է Սերժ Սարգսյանը Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի եւ Քաղաքական գիտությունների Հայաստանի ասոցիացիայի կազմակերպած ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում, որը ընթերցել է հիշյալ ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG