Մատչելիության հղումներ

«ՔԵՆԴԼ» գիտական նախագծի ընդհանուր ծախսը կկազմի 60 միլիոն եվրո


«ՔԵՆԴԼ» նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել գիտական կենտրոններ, որտեղ գիտնականներն ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ եւ նյութեր:

ՀՀ կառավարության կողմից 2008 թվականին ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում ստեղծվում է «ՔԵՆԴԼ» միջազգային գիտական հետազոտությունների կենտրոնը:

«ՔԵՆԴԼ» նախագիծը 3-րդ սերնդի արագացուցչային կուտակիչ համալիրի վրա հիմնված ճառագայթման աղբյուր է, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ցանկացած տեսակի նյութի կառուցվածք` բջջից մինչեւ ատոմ: Նախագծի առաջին փուլը АREAL լազերային գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցումն է, որը ավարտին կհասցվի 2013-ի մայիսին:

Ծրագիրը միջազգային է, 2010-2012 թվականների ընթացքում նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ են կայացել Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի խոշորագույն արագացուցչային կենտրոնների հետ:

«ՔԵՆԴԼ» ծրագրի երկրորդ փուլում կստեղծվի եւս մեկ, ավելի մեծ, օղակաձեւ արագացուցիչ: Այս աշխատանքները, ըստ նախագծի, կավարտվեն 2017 թվականին:

Ծրագրի ղեկավարներն ասում են, որ գրեթե ավարտվել են AREAL գծային արագացուցչի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի պատրաստման աշխատանքները, գործարկվել բարձր հաճախականության, վակուումային, վերահսկման եւ ղեկավարման համակարգերի հիմնական փորձարարական ստենդները, նոր սարքավորումներ են ներկրվել համագործակցող երկերներից:

«ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վասիլի Ցականովը այսօր նշեց, որ AREAL գծային արագացուցիչը կարեւոր գիտական եւ կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի եւ նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:

««ՔԵՆԴԼ-ը» միջազգային մակարդակի ծրագիր է եւ հնարավորություն կտա գիտնականաններին անել ամենաառաջատար հետոզոտությունները կիրառական եւ հիմնարար գիտություններում», - նշեց Ցականովը:

Նախագծի ընդհանուր ծախսը կկազմի մոտավորապես 60 միլիոն եվրո: Այդ գումարի 25 տոկոսը կտրամադրի ՀՀ կառավարությունը: Իսկ 75 տոկոսը կտրամադրվի տարբեր համագործակցող երկրների կողմից, ընդ որում ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ ըստ ցանկության` սարքավորումների տեսքով:

please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG