Մատչելիության հղումներ

TIME. «Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով զենք է մատակարարում Ասադի վարչակազմին»


Սիրիայի բանակի ուղղաթիռը մարտական գործողությունների ժամանակ, հուլիս, 2012թ.
Սիրիայի բանակի ուղղաթիռը մարտական գործողությունների ժամանակ, հուլիս, 2012թ.

Ամերիկյան պարբերականի Մոսկվայի թղթակիցը որպես իր հրապարակման հիմք ընդունել է Anonymous-ի տվյալները:

Ռուսաստանն օգտագործում է Ադրբեջանի օդային տարածքը Բաշար Ասադի վարչակազմին զենք մատակարարելու համար: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր TIME հանդեսը:

Պարբերականի Մոսկվայի թղթակից Սայմոն Շուստերը երեկ հրապարակած հոդվածում պնդում է, որ վերջին օրերին գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն` Ռուսաստանը սիրիական վարչակազմի մատակարարման նոր գաղտնի շրջանցիկ ուղի է գտել: TIME-ի լրագրողը որպես իր հրապարակման հիմք ընդունել է հաքերական թերեւս ամենահայտնի խմբերից մեկի` Anonymous-ի հրապարակած տվյալները:

Հաքերների այս խումբը, որը վերջին տարիներին կարողացել էր կոտրել Իսրայելի խորհրդարանի, իսպանական ոստիկանության, Stratfor վերլուծական կենտրոնի եւ Ալյասկայի նախկին նահանգապետ, 2008-ին ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինի նամակագրությունը, օրերս հրապարակել է նաեւ Սիրիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների գաղտնի նամակները, որոնցից պարզ է դառնում, որ վերջին 10 օրերին առնվազն երկու անգամ Ռուսաստանը Ադրբեջանի, Իրանի եւ Իրաքի օդային տարածքով ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռներ է Սիրիա ուղարկել:

«Հրապարակված փաստաթղթերից մեկը թռիչքային պլան է հիշեցնում, որտեղ հստակորեն գրված է, որ Մոսկվայից Սիրիա վերանորոգված ուղղաթիռների չորս մատակարարում է իրականացվելու: Փաստաթղթերում առկա բեռի նկարագրության մեջ նշված է. - «Հիմնանորոգման ենթարկված հին ուղղաթիռներ», - գրում է ամերիկյան հանդեսը` հավելելով, որ առաջին առաքումը իրականացվել է նոյեմբերի 21-ին, երկրորդը` երկու օր առաջ` նոյեմբերի 28-ին, իսկ հաջորդ երկուսը լինելու են դեկտեմբերի սկզբին:

«Այս առաքումների համար վճարումն իրականացվել է կանխիկ գումարով, իսկ ուղղաթիռները տեղ են հասցվել շրջանցիկ ճանապարհով` Ադրբեջանի, Իրանի եւ Իրաքի օդային տարածքով», - նշում է TIME-ի լրագրողը` արձանագրելով. - «Այս առաքումը փաստորեն այնպես է իրականացվել, որպեսզի շրջանցվեն բոլոր այն պետությունները, որոնք միացել են սիրիական վարչակազմի դեմ կիրառվող պատժամիջոցներին»:

TIME-ի տվյալներով` առաքումները իրականացվում են Մոսկվայի մերձակայքում գտնվող «Ժուկովսկի» օդանավակայանից, որը օգտագործվում է նաեւ Անվտանգության դաշնային ծառայության կողմից:

TIME-ի լրագրողը նաեւ նկատում է, որ ամեն տարի «Ժուկովսկի»-ում միջազգային ավիացիոն ցուցահանդես է կազմակերպվում: «Անցած ամռանը TIME-ին հաջողվեց լուսանկարել ավիացիոն ցուցահանդեսին մասնակցող սիրիացի պաշտոնյաներին, որոնք ռուսական կողմի հետ բանակցում էին նոր սպառազինությունների ձեռքբերման շուրջ», - նշում է ամերիկյան հանդեսը:

Սայմոն Շուստերն իր հոդվածում մեջբերում է նաեւ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի փորձագետ Հյու Գրիֆիթսի խոսքը. - «Այսպիսով նրանք [ռուսները] Սիրիա են թափանցում ետնամուտքից»:

Ի դեպ,TIME հանդեսը պնդում է, որ սպառազինությունների մատակարարման ադրբեջանական ուղին Մոսկվան ստիպված եղավ գործի դնել այն բանից հետո, երբ հոկտեմբերին թուրքական իշխանությունները Անկարայի օդանավակայանում ստիպեցին վայրէջք կատարել Մոսկվա - Դամասկոս չվերթն իրականացվող օդանավը` առգրավելով դրանով տեղափոխվող ռազմական նշանակության բեռը: «Թուրքական կողմի զգոնությունը ստիպում է ռուսներին առաքման պահեստային ուղիներ որոնել», - գրում է TIME-ը:

Հանդեսը նաեւ նշում է, որ նույն` ադրբեջանական ուղին Ռուսաստանն օգտագործել է սիրիական ազգային տարադրամի նոր խմբաքանակը Դամասկոս հասցնելու համար: «Խոսքը սիրիական թղթադրամների 240 տոննա կազմող խմբաքանակի մասին է: Ռուսաստանն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ զբաղված է սիրիական դրամի տպագրությամբ», - գրում է TIME-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG