Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն. «ՊՆ-ն խախտել է մարդու իրավունքը»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարում է պաշտպանության նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման մասին։

Օմբուդսմենի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, 10 տարի ծառայելով Հայաստանի Զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը եւ պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը, սակայն արդեն յոթ ամիս է, ինչ պաշտպանության նախարարությունից չեն արձագանքում սպայի պահանջին: «Մինչդեռ կառավարության կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որի հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մարմինը պարտավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը», - ասված է հաղորդագրությունում։

Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը, որին ռազմական գերատեսչությունից պատասխանել են, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձակվելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար` այն դեպքում, նշում է օմբուդսմենի աշխատակազմը, երբ սպան նախարարությանը բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելու հստակ որոշման մասին:

«Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում եւ առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG