Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը այցելեց Աֆղանստան


Աֆղանստան - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կունդուզում հանդիպում է հայ խաղաղապահների հետ, արխիվ

Աֆղանստան - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կունդուզում հանդիպում է հայ խաղաղապահների հետ, արխիվ

Սեյրան Օհանյանը հանդիպել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարության, հայ խաղաղապահների հետ։

Նոյեմբերի 25-28-ը կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Աֆղանստան, որտեղ ընթացող խաղաղության աջակցության գործողություններում ներգրավված են հայ խաղաղապահները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Արաբական Միացյալ Էմիրություններով տարանցիկ Աֆղանստան մեկնելիս պատվիրակությունը, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նախաձեռնությամբ, նոյեմբերի 25-ին հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել հայկական սփյուռքի համայնքների դերը հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու եւ Հայաստանի ազգային անվտանգության շահերին սատարելու գործում, պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Երկուշաբթի օրը Քաբուլում գտնվող Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի` ISAF-ի զինավանում կայացել է Սեյրան Օհանյանի հանդիպումը ISAF-ի ռազմագործողության հրամանատարության հետ: Հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նիք Քարթերը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը Աֆղանստանում անվտանգության եւ կայունության հաստատման գործում, գովեստի խոսքեր է ասել հայ խաղաղապահների հասցեին` մասնագիտական բանիմացության եւ առաքելության նպատակներին նվիրվածության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ISAF օպերացիայի ընթացքին եւ Աֆղանստանում տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ հետագա անելիքներին առնչվող հարցեր:

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարին ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադին: Հանդիպման ժամանակ Աֆղանստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ հայ խաղաղապահներին` Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում իրենց շարունակական ավանդը ներդնելու համար, բարձր է գնահատել հայ խաղաղապահների դերը` ինչպես Աֆղանստանում խռովարարության դեմ պայքարին մասնակցելու, այնպես էլ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի կայացման գործին խորհրդատվական եւ հրահանգչական օժանդակություն ցուցաբերելու համար: Պատասխան խոսքում Սեյրան Օհանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` Աֆղանստանում տեւական անվտանգության հաստատման կոալիցիոն ջանքերում շարունակական ներդրում կատարելու վերաբերյալ:

Երեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ եւ Կունդուզ նահանգներ` հայ խաղաղապահների եւ տեղի կոալիցիոն հրամանատարության հետ հանդիպելու համար:

Մազարի Շարիֆ քաղաքի ռազմակայանում Սեյրան Օհանյանը հանդիպել է ISAF օպերացիայի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, Գերմանիայի զինված ուժերի գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆերի հետ: Հանդիպման ընթացքում գերմանացի գեներալն իր գոհունակությունն է արտահայտել հայ խաղաղապահների ծառայության կապակցությամբ, նշելով, որ նրանց գործունեությունը մեծապես նպաստում է «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության առաքելության ու խնդիրների հաջող կատարմանը:

Այնուհետեւ Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մազարի Շարիֆի մերձակայքում գտնվող «Մայք Սփան» ռազմակայան, որտեղ տեղակայված է հայ խաղաղապահների 60-հոգանոց զորախումբը: Ռազմակայանի հրամանատարությունը հայկական զորախմբի ներդրումը գնահատել է հանգուցային, ավելացնելով, որ «ռազմակայանի ամբողջ պարագծով անվտանգության ամբողջական ապահովման համար պատասխանատու հայ խաղաղապահները հանդիսանում են այստեղ գտնվող մնացած անձնակազմի պահապան հրեշտակները»: Հայ խաղաղապահների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը կարեւորել է նրանց եզակի դերակատարումը` միջազգային անվտանգության ապահովմանը համարժեք ներդրում կատարելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունների կատարման գործում, խաղաղապահներին մաղթել է անվտանգ ծառայություն եւ հաջող վերադարձ հայրենի օջախներ:

Պատվիրակության հաջորդ կանգառը Կունդուզ նահանգի նույնանուն վարչական կենտրոնում տեղակայված ռազմակայանն էր, որին հարակից օդանավակայանի պահպանության իր ծառայությունն է իրականացնում հայ խաղաղապահների 61-հոգանոց զորախումբը: Այստեղ տեղակայված է նաեւ աֆղանական ստորաբաժանումներին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող հայ հրահանգիչ սպաների հինգ հոգանոց խումբը: Ռազմակայանի գերմանական հրամանատարությունը գովեստի խոսքեր է ասել հայ խաղաղապահների հասցեին` առաքելության խնդիրներին նրանց անվերապահ նվիրվածության եւ բարձր կատարողական վարպետության համար: Սեյրան Օհանյանն այցելել է ռազմակայանում տեղակայված հայ խաղաղապահներին, ծանոթացել է նրանց կենսապայմաններին, իրականացվող խնդիրներին, կարեւորել է հայ խաղաղապահների առանցքային դերը միջազգային խաղաղապահության ոլորտում Հայաստանի պատշաճ ներդրման ապահովման համար:

Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երեւան է վերադարձել երեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG