Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցները երթ անցկացրին


Թիվ 35 ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցները այսօր երթ անցկացրին Գյումրիում` կոչ անելով մասնակցել քվեարկությանն ու ճիշտ ընտրություն կատարել:

Գյումրի քաղաքն ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին:

Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը բազմիցս բարձրաձայնել է, որ իր հանդիպումները ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցները փորձում են խոչընդոտել` կիրառելով վարչական ռեսուրսը:

Արման Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չընդունեց Գրիգորյանի մեղադրանքները, մինչդեռ վերջինիս կողմնակիցները շարունակում են պնդել, որ դպրոցների ու հիվանդանոցների կոլեկտիվներին, գյուղերի բնակիչներին հրահանգում են չմասնակցել ՀԱԿ-ի թեկնածուի նախընտրական հանդիպումներին:

Մուրադ Գրիգորյանի կողմնակիցները այսօր երթ անցկացրին Գյումրիում` կոչ անելով մասնակցել քվեարկությանն ու ճիշտ ընտրություն կատարել: Մասնակիցները միաժամանակ բողոքում էին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ:

«Պարզ է արդեն, որ Հանրապետական կուսակցությունը խնդիր է դրել ամեն գնով անցկացնել, նշանակել Արման Սահակյանին եւ ամեն ինչ անելու է, որ խոչընդոտվի, նորմալ իրազեկում տեղի չունենա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց երթի մասնակիցներից մեկը` հավելելով, որ իրենք պատրաստ են թաղ առ թաղ, տուն առ տուն այցելել մարդկանց` կոչ անելու քվեարկել իրենց թեկնածուի օգտին:

Երթն անցավ առանց միջադեպերի:

Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 2-ին:
XS
SM
MD
LG