Մատչելիության հղումներ

Եվրոպական միություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ հանդիպումը Բրյուսելում հայ պատվիրակները հաջողված են համարում:

Մասնավորապես, նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը Եվրախորհրդարանում կայացած հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում վերահաստատել է 1987 թվականին ԵԽ-ի կողմից ընդունված ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:

«Ի վերջո ողջամիտ կոմպրոմիսի եկանք, եւ այս տեքստը լիովին բավարարում է մեր պատվիրակությանը` անկախ նրանից ընդդիմություն ենք, թե իշխանությունն ենք ներկայացնում: Սա Հայաստանի համար կարեւոր ձեռքբերում կարելի է համարել, քանի որ նշված է մի քանի առանցքային կետ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հետ կապված եւ ցեղասպանության ճանաչման: Ղարաբաղի հարցով նույնպես երկուստեք եկել ենք ընդունելի ձեւակերպումների, այնպես, որ բավականին նորմալ արդյունք է», - ասաց Արզումանյանը:

Հայաստանի պատվիրակները այսօր գլխավոր ձեռքբերում են համարում Եվրախորհրդարանում ընդունված փաստաթղթում հատկապես Լեռնային Ղարաբաղի օդանավակայանին վերաբերող դրույթի ներառումը: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ, Հանրապետականի անդամ Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ սա հայկական պատվիրակության միասնական ձեռքբերումն է: Ֆարմանյանն ասաց` անկախ կուսակցական պատկանելությունից` Բրյուսելում իրենք համաձայնության են եկել:

«Մեզ հաջողվել է նաեւ այս փաստաթղթում ներառել այն կարեւոր պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանի վերաշահագործման դեպքում որեւէ կերպ չի կարելի թույլատրել, որ օգտագործվի որեւէ սպառնալիք որեւէ մեկի կողմից քաղաքացիական օդանավերի խոցման վերաբերյալ», - ասաց Ֆարմանյանը:

Պատվիրակության կազմում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նույնպես գոհ էր ԵԽ-ում կայացած հանդիպումից: Նա ասաց` ադրբեջանական կողմը եվրոպացի որոշ պաշտոնյաների միջոցով փորձեր արեց համատեղ փաստաթղթի ընդունումը ձախողելու. բարձրաձայնվել է հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածքից հայկական զորքերի դուրս բերման պահանջը:

«Մենք շատ հստակ ասացինք, որ սա ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերվող հարց է, եւ ինչպես մենք չենք կարող քննարկել որեւէ ուրիշ երկրի իրավասության տակ գտնվող զորքերի հարցը, նույն կերպ էլ չենք կարող քննարկել այդ հարցը: Ես շատ հստակ ասաց, որ զորքերը ունեն գերագույն գլխավոր հրամանատար, խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մասին է, եթե դուք խնդիր ունեք այդ զորքերի տեղաշարժի կամ տեղաբաշխման հետ, պետք է բանակցեք այդ զորքերի հրամանատարի հետ», - փոխանցեց Փաշինյանը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբռնոխը, արտահայտելով ԵՄ տեսակետն, ասաց. - «Հանդիպումը հաջող անցավ, ինչը շատ կարեւոր է մեզ համար: Մենք շատ կարեւորում ենք նաեւ այն, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցելու եւ ԵՄ-ին մոտ գտնվելու ուղուց չի շեղվում: Մենք եվրոպական կողմի մեծամասնության համաձայնությամբ վերջապես ընդունեցինք համատեղ բանաձեւն ու հայտարարությունը, որտեղ նշվում են հենց այն փոխզիջումները, որոնք երկու կողմերն էլ համաձայնել են ընդունել»:

Խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ հետ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի թարմացված կազմից եվրոպացի պաշտոնյան գոհ էր: Անդրադառնալով հայաստանյան խորհրդարանական ընտրություններին` Ցաբռնոխն ասաց, որ «իհարկե թերություններ եղել են, բայց իրենք աջակցում են Հայաստանին ժողովրդավարության ճանապարհին եւ նախագահական ընտրություններին բարելավումների են սպասում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG