Մատչելիության հղումներ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում այս գիշեր քվեարկության է դրվելու Պաղեստինի կարգավիճակը բարձրացնելու եւ ՄԱԿ-ի դիտորդ-պետության կարգավիճակ շնորհելու հարցը: Առայսօր Պաղեստինն այդ կազմակերպությունում ներկայացված էր որպես դիտորդ-սուբյեկտ:

Եթե կարգավիճակը բարձրացվի, Պաղեստինը մի շարք նոր հնարավորություններ կստանա, մասնավորապես՝ կկարողանա հայց ներկայացնել միջազգային դատարան Իսրայելի գործողությունների դեմ:

Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը կողմ կարտահայտվի: Ինչպես պնդում է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 132-ը հայտարարել են, որ պատրաստ են աջակցել Պաղեստինին:

Պաղեստինի կարգավիճակի բարձրացման օգտին քվեարկելու մտադրության մասին հայտարարել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան, Շվեյցարիան, Թուրքիան, Չինաստանը:

Դեմ են հանդես գալիս Միացյալ Նահանգները, Իսրայելը: Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հավանաբար ձեռնպահ կմնան:

Պաղեստինի հետ հակամարտության մեջ գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շտապել է հայտարարել, թե «քվեարկությունը չի նպաստի այդ պետության անկախության ճանաչմանը»:

«ՄԱԿ-ի այս որոշումը սկզբունքորեն ոչինչ չի փոխի, եւ պաղեստինյան պետության ստեղծումը չի մոտեցնի, այլ ճիշտ հակառակը: Մենք երկու ձեռքով կողմ ենք խաղաղությանը, սակայն հնարավոր չէ Պաղեստինի պետություն ստեղծել առանց պաշտոնապես հակամարտության ավարտի մասին հայտարարելու, առանց Իսրայելի ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու», - հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելը արդեն սպառնացել է որ կդադարեցնի Պաղեստինի ինքնավարության ֆինանսավորումը` եթե նրա կարգավիճակը ՄԱԿ-ում բարձրանա:

Պաղեստինի կարգավիճակի հարցը ՄԱԿ-ում բարձրացվում է բավական խորհրդանշական մի օր. 65 տարի առաջ նույն օրը` նոյեմբերի 29 -ին ՄԱԿ-ը ընդունեց հրեական պետություն ստեղծելու մասին բանաձեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG