Մատչելիության հղումներ

2013-ին կմեկնարկի ԼՂ-ի շրջաններն ինտերնետով ապահովելու ծրագիրը


Symbol of internet
Symbol of internet
2013 թվականին կմեկնարկի Լեռնային Ղարաբաղի շրջաններն ամբողջությամբ ինտերնետով ապահովելու ծրագիրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Մնացականյանն, ով այսօր ավելի վաղ այդ մասին խոսել էր նաեւ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ:

Այս պահի դրությամբ որոշ շրջաններ արդեն ունեն ինտերնետ, սակայն նախարար Մնացականյանը դժվարանում է նշել, թե Լեռնային Ղարաբաղի քանի տոկոսն է ծածկված ինտերնետով: Հայտնի է միայն, որ ըստ վիճակագրական տվյալների` Լեռնային Ղարաբաղի ինտերնետ բաժանորդների թիվը հասնում է 10 հազարի:

«Այս աշխատանքներն իրականացնելու արդյունքում, որը նախատեսված է 2013 թվականին, մոտ երկու եւ ավելի անգամ կավելացվի ինտերնետ հոսքի մուտքը դեպի Ստեփանակերտ եւ շրջկենտրոններ, ինչպես նաեւ գյուղական համայնքները հնարավորություն կունենան օգտվելու որակյալ կապից», - հավաստիացնում է արտադրական ենթակառուցվածնքների նախարարը:

Ղարաբաղի հիմնական ինտերնետ մատակարարը 2002 թվականից գործող «Ղարաբաղ տելեկոմն» է, որը նաեւ հեռախոսակապի միակ օպերատորն է: Ունենալով մենաշնորհ այս ոլորտում՝ ընկերությունը մշտապես բողոքների եւ դժգոհությունների թիրախ է դառնում: Այս ընկերության մատուցած ծառայությունների սակագները պարբերաբար բողոքի ալիք էր բարձրացնում Ղարաբաղում, մինչեւ որ երկու տարի առաջ սկսեց նվազել մասնավորապես ինտերնետ ծառայությունների սակագները:

Բոլորովին վերջերս 512/512 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ ունենալու համար, որի գինը նախկինում կազմում էր 7 399 դրամ, բաժանորդներն այժմ վճարում են 3000 դրամ: Զգալի` 50-60 տոկոսով նվազեցվել են գները նաեւ ավելի բարձր արագությունների դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG