Մատչելիության հղումներ

HRW. Սիրիական ընդդիմությունը երեխաներին է օգտագործում


Սիրիայի ընդդիմության մարտական ջոկատներում կռվող առնվազն 17 անչափահաս է զոհվել երկրի ներսում ընթացող դաժան հակամարտության ընթացքում:

Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը Սիրիայի ընդդիմադիր ուժերին մեղադրել է երեխաներին ու անչափահասներին ռազմական կատաղի հակամարտությունում օգտագործելու մեջ: Հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում նշված է, որ 14-16 տարեկան պատանիները ընդդիմադիրների զինված ջոկատների շարքերում կռվում են, կամ զենք, զինամթերք մատակարարում, պարեկություն ու հետախուզում կատարում:

Human Rights Watch-ը նշում է, որ ընդդիմադիրների առնվազն երեք բրիգադում անչափահաս պատանիներ են ծառայում: Կազմակերպությունը ապստամբների հրամանատարներին կոչ է արել հրապարակավ պարտավորություն ստանձնել` վերջ տալու համար այդ գործելաոճին, ու արգելել 18 տարեկանից ցածր պատանիներին ծառայել զինվորական ջոկատներում:

Կազմակերպության երեխաների իրավունքների հարցերով փորձագետ Պրիյանկա Մոտապարտին ասել է, թե բոլորի ուշադրությունը Սիրիայի ընդդիմության վրա է, փորձելով ապահովել երեխաների անվտանգությունը: Նա ասել է, որ լավագույն ճանապարհներից մեկն այն է, որ ընդդիմադիրների ռազմական հրամանատարները հրապարակավ պարտավորություն ստանձնեն՝ չընդգրկել երեխաներին իրենց ջոկատներում:

Human Rights Watch-ի փորձագետների հետ զրույցներում պատանիները որոշ դեպքում ասել են, թե կամավոր են միացել կռվող ջոկատներին, որոշ դեպքում էլ ասել են, որ իրենց դիմել են, զենք են տվել, հանձնարարություններ:

Իրավապաշտպան կազմակերպությունը հարցազրույցներ է անցկացրել 14-16 տարեկան հինգ պատանիների հետ, որոնք հաստատել են, որ ներգրավված են ընդդիմադիրների ռազմական ջոկատների պայքարում:

Բռնությունները վավերացնող սիրիական ընդդիմության կենտրոնի տվյալներով` Ազատ Սիրիա բանակի շարքերում առնվազն 17 անչափահաս է զոհվել: Շատերը լուրջ վիրավորվել են, ոմանք մինչեւ կյանքի վերջը հաշմանդամ կմնան:

Ազատ Սիրիա բանակի հրամանատար Ռիյադ ալ-Ասադը կազմակերպությանը հավաստիացրել է, որ ո՛չ Ազատ Սիրիա բանակը, ո՛չ ապստամբների մյուս խմբերը երեխաներին մարտական գործողություններում օգտագործելու քաղաքականություն չեն տանում: Սակայն զեկույցում նշված է, որ հակառակն ապացուցող փաստեր կան, եւ որ Ազատ Սիրիա բանակն ու ապստամբների մյուս ուժերը պատշաճորեն չեն կատարում երեխաներին մարտական գործողություններում չներգրավելու քաղաքականությունը:

Human Rights Watch-ը նաեւ նշում է, որ հարեւան երկրներում ապաստանած սիրիացի անչափահասները խոցելի են մնում, ճնշումների են ենթարկվում՝ մասնավորապես նաեւ Ազատ Սիրիա բանակի կողմից, որոնք պատանիներին համոզում են աջակցել Ազատ Սիրիա բանակին եւ միանալ մարտիկներին:

«Հատկապես երբ նրանց ընտանիքների ավագ անդամները կռվում են ընդդիմադիր ջոկատներում, կամ երբ սպանվում են ռեժիմի ուժերի կողմից, նրանց կարող են համոզել զենք վերցնել եւ կռվել, երբեմն` շատ վաղ տարիքում», - նշում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG