Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան քաղաքի դատախազի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ


Հայաստանի գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ դատախազի մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու համար։

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը հայտնում է, որ նկատողություն է հայտարարվել նաեւ Գրիշա Միքայելյանին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ աշխատելու ժամանակահատվածում դատախազին վերապահված ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ։

Քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի եւ մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Է. Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ վերջինս ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում եւ ազատվել է աշխատանքից։

Դատախազությունը նաեւ տեղեկացնում է, որ մի քանի այլ դատախազների կողմից քրեական գործերի նախաքննության նկատմամբ թերի եւ մակերեսային դատավարական ղեկավարում, ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի հիման վրա ուսումնասիրությունները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG