Մատչելիության հղումներ

Սիրիահայերին արտոնյալ պայմաններով վարկեր կտրամադրվեն


Սիրիահայերն արտոնյալ վարկեր կստանան
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00
Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը արտոնյալ պայմաններով վարկեր կտրամադրի Հայաստանում գտնվող այն սիրիահայերին, որոնք կցանկանան այստեղ սեփական գործը հիմնել:

Կենտրոնը հինգշաբթի օրը հանդիպում էր կազմակերպել մի խումբ սիրիահայերի հետ, որպեսզի նրանց ծանոթացներ տրամադրվելիք վարկերի պայմաններին:

Կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը ասում է, որ սիրիահայերին վարկը կտրամադրվի առանց գրավադրման:

«Երբ մենք աշխատում ենք Հայաստանի քաղաքացիների հետ, տրամադրում ենք մինչեւ 3 միլիոն դրամ վարկ` տարեկան 10 տոկոսով, սիրիահայերի համար կփոխենք պայմանները, վարկի չափը կդարձնենք մինչեւ 5 միլիոն դրամ` առավելագույնը 5 տոկոսով», - ասաց Կարապետյանը:

Խոսելով փոքր եւ միջին բիզնեսի` շուկայում կայանալու խնդիրներից` Կարապետյանն ասաց. - «Մենք այս գործիքով առաջին անգամ չենք աշխատում: Այս տարի արդեն իրականացրել ենք սկսնակ գործարարների աջակցության 15 ծրագրեր, եւ 100-ից ավելի ձեռնարկություններ են հիմնվել այդ ծրագրերի միջոցով: Ուղղակի հիմա այս հնարավորությունը ավելի լավ պայմաններով բացում ենք նաեւ սիրիահայերի համար»:

Հանդիպմանը ներկա սիրիահայերն ասում էին, որ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչով կարելի զբաղվել Հայաստանում, քանի որ այստեղի շուկան փոքր է: Արդեն մոտ հինգ ամիս Երեւանում ապրող Մուշեղ Մուշեղյանն ասում էր, որ այն, ինչ անում էին Սիրիայում, դժվար թե հաջողություն ունենա Հայաստանում:

«Մեզ գաղափար պետք է տան, մենք պետք է ծանոթանանք: Այստեղ գործ սկսելը դժվար է, որովհետեւ մի քանի անձինք գրավել են շուկաները եւ ամեն ինչ իրենք են անում: Տեսնենք, թե ինչ կկարողանանք անել», - ասաց Մուշեղյանը:

Լիլիթ Դերձակյանը, ով Հայաստանում է արդեն չորս ամիս, եւս ասում էր` լսել է, որ Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելը բարդ է:

«Բոլորը ասում են, որ այստեղ դժվար է, չեն թողնում, բայց մենք այստեղ ենք, որ փաստենքը հակառակը: Հուսամ», - ասաց Դերձակյանը:

Հանդիպմանը ներկա Լենա Շամլյանը Հալեպում բավականին շահութաբեր բիզնես է ունեցել` հարսանյաց սրահ քաղաքի կենտրոնում: Հայաստանում սեփական գործը սկսելու մտադրություն դեռ չունի, հուսով է, որ շուտով պատերազմը կդադարի, եւ իրենք հնարավորություն կունենան տուն վերադառնալ:

«Եկել եմ այստեղ գաղափար կազմելու, թե ինչը հարկայինը, ինչպես կարող եմ օգտվել… Հիմա հեռանկար չեմ տեսնում այստեղ բիզնես սկսելու: Բայց չգիտենք` ապագայում ինչ կլինի», - ասաց նա:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց սիրիահայերին օգտվել այս հնարավորությունից, նաեւ աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում չհրաժարվել դրանից` ցածր աշխատավարձի պատճառով:

«Երեք միլիոն դրամը մեծ գումար չէ, բայց գումար է, որ դուք կարող եք շատ փոքր գործ սկսել եւ անպայման սկսեք, ուղղակի խնդրում եմ, որովհետեւ աշխատանքն է, որ նախ ձեզ հոգեբանորեն ավելի կհանգստացնի, քանի որ հիմա շատ լարված եք, ամբողջ ուշքն ու միտքը այնտեղ է, այստեղ էլ անգործությունն է ավելի ճնշում: Ինչքան էլ Հայաստանի աշխատավարձը ցածր է եւ չի համապատասխանում Սիրիայում ձեր աշխատածին, բոլոր դեպքերում աշխատավարձ է», - ասաց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG