Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստանում է Թուրքմենստանի նախագահը


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը:

«Շատ որոշակի, դրական եւ առարկայական զրույց կայացավ, որի ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ տարբեր հարցեր, դիտարկեցինք մեր համագործակցության հեռանկարները: Իհարկե, զգալի ժամանակ հատկացրինք առեւտրատնտեսական հումանիտար հարաբերություններին, մեր երկրներում առկա ներդրումային մթնոլորտին», - լրագրողներին փոխանցեց Սերժ Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում:

«Մենք ընդգծեցինք, որ հայ-թուրքմենական հարաբերություններն ունեն շատ ավելի մեծ ներուժ, որի իրացումը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների բարեկամության շահերին», - նշեց նախագահը: - «Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք առեւտրային հարաբերությունների, արդյունաբերական եւ ներդրումային համագործակցության տարբեր ձեւերի զարգացման գործում բարենպաստ պայմանների ստեղծման, ինչպես նաեւ մեր երկրների գործարար սուբյեկտների միջեւ անմիջական կապերի հաստատման անհրաժեշտության շուրջ»:

«Երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը մենք արձանագրում ենք ոչ այն մակարդակում, որում կցանկանայինք, կարելի է մեծացնել համատեղ ջանքերով», - վստահություն հայտնեց Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ընթացիկ տարվա 9 ամիսներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 18 միլիոն դոլար:

Հայաստանի ու Թուրքմենստանի նախագահների համատեղ ասուլիսը:
Հայաստանի ու Թուրքմենստանի նախագահների համատեղ ասուլիսը:
Անդրադառնալով քննարկված տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի նախագահն փոխանցեց, հանդիպման ընթացքում իրենք անհանգստություն են հայտնել Հարավային Կովկասում լարվածության աճի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանն ասաց, որ հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:

«Խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա: Միայն այդ մոտեցումը, որով բացառվում է որեւէ սկզբունքին նախապատվությունը տալը, հնարավորություն է ստեղծում երկարաժամկետ լուծման համար համար», - ասել է նա:

Այսօր մի շարք համաձայնագրեր կնքվեցին Հայաստանի եւ Թուրքմենստանի կառավարությունների միջեւ: Մասնավորապես` երկու երկրներում դեսպանությունների տեղակայման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման, օդային հաղորդակցության, սեյսմիկ պաշտպանության, գիտատեխնիկական եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մասին:

Հայաստանի նախագահը դրանցից առանձնացրեց համագործակցությունը օդային հաղորդակցության ոլորտում` նշելով, որ այդ փաստաթուղթը հնարավորություն կստեղծի գործնական կապերի, տուրիզմի զարգացման, ինչպես նաեւ Թուրքմենստանի եւ Հայաստանի քաղաքացիների շփումների համար:

Սերժ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ հայկական կողմը սիրով ընդունել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առաջարկը` հաջորդ տարի Թուրքմենստանում անցկացնել բիզնես-ֆորում, որը «լավ ազդակ կդառնա երկկողմ հարաբերությունների համար»:

Թուրքմենստանի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանը կաջակցի իր երկրի տնտեսությունը մեծածավալ արդյունաբերացման միջոցով արդիականացնելու եւ դիվերսիֆիկացնելու երկարաժամկետ ծրագրերին:

«Մենք գիտենք, որ Հայաստանի մեր բարեկամներն ու գործընկերները մեծ փորձ ունեն այդ ոլորտներում», - հավելեց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG