Մատչելիության հղումներ

Դատախազությունում նոր պաշտոնանկությունները չեն բացառվում


Գլխավոր դատախազության շենքը

Գլխավոր դատախազության շենքը

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը չի բացառում, որ առաջիկայում դատախազությունում կլինեն նոր պաշտոնանկություններ:

«Որեւէ ոլորտում նոր պաշտոնանկության հնարավորություն չի բացառվում: Եթե մարդ ընդունվում է աշխատանքի, ենթակա է նաեւ աշխատանքից ազատվելու` նաեւ սեփական դիմում դիմումի համաձայն, պարտադիր չէ խախտման», - ասաց Թամազյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էր նշել, որ դատախազությունում սպասվում են պաշտոնանակություններ:

Միեւնույն ժամանակ, այսօր Արամ Թամազյանը հրաժարվեց մանրամասներ հաղորդել` ասելով, թե ներկայում գլխավոր դատախազը արձակուրդում է եւ եթե կադրային փոփոխություններ լինեն, դրանք հայտնի կդառնան արձակուրդից Աղվան Հովսեփյանի վերադարձից հետո:

«Գլխավոր դատախազը կվերադառնա, եւ եթե կադրային փոփոխությունների խնդիրներ լինեն, բնականաբար, կանդրադառնանք նաեւ դրանց: Բայց ես կարծում եմ, որ աշխատանքում պարբերաբար խախտումներ թույլ տված անձինք անպայման պետք է ենթարկվեն որոշակի պատասխանատվության», - ասաց Թամազյանը:

Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի հրամանով հոկտեմբերի վերջին աշխատանքից ազատվեց Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին հաստատել էին, որ Մանրիկյանին պաշտոնից ազատելու դրդապատճառը «Ռեգնում» լրատվական գործակալության երեւանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրձելյանի սկանդալային գործն է: Այս տարվա մայիսին Գրձելյանը հայտարարել էր, որ դատախազ Մանրիկյանը մի քանի հոգու հետ միասին իրեն ծեծի է ենթարկել երեխաների, կնոջ եւ մոր աչքի առջեւ: Իսկ պատճառը եղել էր այն, որ իր մանկահասակ երեխաները խանգարել էին բակից դուրս եկող դատախազի որդու ավտոմեքենային: Դա դուր չէր եկել Մանրիկյանին, եւ նա ապտակել էր լրագրողին, այնուհետեւ ծեծին միացել էր դատախազի որդին:

Նոյեմբերի 6-ին էլ Գլխավոր դատախազության տարածած մամլո հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել դատախազության համակարգում: Մասնավորապես, գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ, կարգապահական վարույթներ են հարուցվել Երեւան քաղաքի դատախազի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ:

Հատկանշական է, որ Մանրիկյանի պաշտոնանկությանը, դատախազության համակարգում կադրային փոփոխություններին եւ հարուցված կարգապահական վարույթներին նախորդել էր նախագահ Սերժ Սարգսյանի` դատախազության հասցեին հոկտեմբերի վերջին հնչեցրած սուր քննադատությունը։ Նախագահը, մասնավորապես, ասել էր, թե անմեղ մարդկանց մեղադրանքներ են առաջադրում, հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցագործությունները:
XS
SM
MD
LG