Մատչելիության հղումներ

logo-print

Համացանցի նկատմամբ վերահսկողությունը Հայաստանում` քիչ հավանական


Armenia - an image for the Internet

Armenia - an image for the Internet

Հայաստանը միջինասիական պետություն չէ եւ Ռուսաստան էլ չէ, այդ մոտեցումները չի ընդունում, ընդգծում են Facebook-ի հայաստանյան ակտիվ օգտատերերը։

Facebook-ի հայաստանյան ակտիվ օգտատերերը քիչ հավանական են համարում, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունների կողմից փորձ կարվի վերահսկողություն հաստատել համացանցում տեղեկատվության ազատ շրջանառության վրա:

Ինչպես հայտնի է, այս նոյեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած մի օրենքով ստեղծվեց ինտերնետային կայքերի «սեւ ցուցակ», ուր, ռուսական իշխանությունների փոխանցմամբ, տեղ են գտնում այնպիսի կայքեր, որոնք տվյալներ են պարունակում մանկական պոռնոգրաֆիայի, թմրադեղերի պատրաստման ձեւերի կամ վաճառքի կետերի մասին, ինչպես նաեւ տեղեկություններ, որոնք մարդկանց ինքնասպանության են դրդում։ Նմանատիպ կայքերը, հայտնվելով «սեւ ցուցակում», արգելափակվում են:

Մինչդեռ, ռուսաստանցի ընդդիմադիրները, իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ լուրջ մտավախություն ունեն, որ Կրեմլը այս օրենքը կարող է որպես մահակ օգտագործել՝ ցանկացած պահի արգելելու բոլոր ոչ նպատակահարմար կայքերը։

Երեկ էլ Տաջիկստանի իշխանությունները երկրում արգելափակեցին Facebook սոցիալական ցանցը: Ավելի վաղ Տաջիկստանում արգելափակվել են նաեւ YouTube-ը եւ մի քանի լրատվական կայքեր:

Հրապարակախոս, Facebook-ի ակտիվ օգտատեր Հակոբ Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ չնայած Հայաստանը Ռուսաստանի եւ Տաջիկստանի հետ միասին ռազմաքաղաքական նույն կառույցի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, սակայն քիչ հավանական է, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունները նույնպես ձեռնամուխ լինեն համացանցում տեղեկատվության ազատ շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կամ վերահսկողություն կիրառելուն:

«Իհարկե, ընդհանուր առմամբ երեւի թե ոչինչ բացառել հնարավոր չէ Հայաստանի նման եւ այդ կարգի երկրներում, որտեղ իշխանության ձեւավորման մեխանիզմը ամենեւին ժողովրդի ձեռքին չէ, բայց Հայաստանի պարագայում քիչ հավանական եմ համարում համացանցում լուրջ, էական սահմանափակումներ իրականացնելու տարբերակը` նկատի ունենալով այն, որ Հայաստանը միջինասիական պետություն չէ եւ միեւնույն ժամանակ նաեւ Ռուսաստան էլ չէ` իր, այսպես ասենք, մեծությամբ եւ հզորությամբ, եւ արեւմտյան կարծիքը այստեղ բավական մեծ դերակատարում է ունենալու, իսկ արեւմտյան հանրությունը, միջազգային հանրությունը, Արեւմուտքը բավական մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանում համացանցի ազատությունն ապահովելուն», - ասաց Բադալյանը։

Նա հավելեց, որ այստեղ իր դերն ունի հայաստանյան քաղաքացիական հասարակությունը. հաշվի առնելով հասարակության խիստ բացասական արձագանքը` իշխանությունները կխուսափեն նման քայլերից:

Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Իրականում խնդիրը ՀԱՊԿ-ի հետ չէ կապված, եւ այսօր գոյություն ունեն երկրներ, որոնք փորձում են համացանցը դնել շատ ուժեղ վերահսկողության տակ»։

«Դա, հիմնականում, Չինաստան, Ռուսաստան, Իրան` այս եռյակն է եւ մի շարք, օրինակ, արաբական երկրներ, որտեղ շատ կոշտ ռեժիմներ են գործում, եւ այլն։ Այդ երկրները ինչ-որ գործողությունների են դիմում, մեկ-մեկ` առանձին, ամեն մեկը, մեկ-մեկ ինչ-որ խմբավորումներ են նույնիսկ ձեւավորվում։ Եվ, բարեբախտաբար, Հայաստանն էլ այդ մոտեցումները չի ընդունում», - ասաց Մարտիրոսյանը։

«Այնպես որ, մենք պետք է հասկանանք, որ կան երկրներ, որոնք առաջ են մղում այն գաղափարը, որ ցանցում ազատությունները չափից շատ են եւ պետք է հնարավորինս դրա դեմն առնել։ Իհարկե, դրա մասին խոսվում է շատ ավելի հումանիստական տեսանկյունից` որ երեխաներին է պետք պաշտպանել, տեռորիզմը չթողնել որ զարգանա եւ այլն, բայց իրականում այս ամեն ինչի ետեւում շատ հասկանալի քաղաքական կոնտեքստ կա, եւ միայն այն չէ, ինչ ասվում է», - ընդգծեց տեղեկատվական անվտանգության գծով փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG