Մատչելիության հղումներ

Հրեաները զանգվածային ցույցեր են անցկացնում Բուդապեշտում


«Ջոբբիկ» կուսակցության պատգամավորները Հունգարիայի խորհրդարանում, արխիվ
«Ջոբբիկ» կուսակցության պատգամավորները Հունգարիայի խորհրդարանում, արխիվ
Արդեն երկրորդ օրն է հրեաները զանգվածային ցույցեր եւ բողոքի ակցիաներ են անցկացնում Բուդապեշտում՝ մեղադրելով երկրի երրորդ ամենամեծ կուսակցությանը ֆաշիզմի եւ այլատյացության մեջ։

Բողոքի ցույցերը սկիզբ են առել այն բանից հետո, երբ աջակողմյան «Ջոբբիկ» կուսակցության առաջնորդը կոչ է արել կառավարությանը կազմել այն հրեաների ցուցակը, որոնք սպառնում են Հունգարիայի ազգային անվտանգությանը։

«Գազայի հատվածում սրված այս լարվածության պայմաններում շատ կարեւոր է առանձնացնել հրեական ծագում ունեցող մեր այն պատգամավորներին ու կառավարության անդամներին, որոնք սպանալիք են հանդիսանում Հունգարիայի անվտանգության համար», - հայտարարել է ազգայնական կուսակցության առաջնորդ Մարտոն Գյոնգոշին՝ հավելելով, թե չեզոքություն որդեգրելու փոխարեն Հունգարիայի արտգործնախարարը հավատարմության երդում է տվել Իսրայելին։

Հայտարարությունը միանգամից բողոքի լուրջ ալիք է բարձացրել Եվրոպայի ամենամեծ սինագոգն ունեցող երկրում, որտեղ Երկրորդ համաշխարհայինի օրերին առնվազն կես միլիոն հրեա է զոհվել: Հարյուրավոր հրեաներ երեկ մայրաքաղաքի կենտրոն են եկել դեղին աստղ-կրծաքնշաններով, որոնք 1940-ականներին նացիստները պարտադրում էին կրել բոլոր հրեաներին:

«Ես ինքս վերապրել եմ Հոլոքոստի սարսափը, եւ իմ սերնդի մարդկանց համար այսօրինակ հայտարարությունները կրկին հիշեցնում են այդ մղձավանջը, թեեւ հստակ է, որ դրանք արվում են միայն քաղաքական նպատակներով», - տեղական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում ասել է «Հրեա-հունգարական ընկերակցության» առաջնորդ Գուստավ Զոլտայը։

2003-ին հիմնադրված աջակողմյան կուսակցությունը նախկինում էլ աչքի է ընկել հրեաների եւ ավելի հաճախ՝ գնչուների հասցեին սուր հռետորաբանությամբ, ինչի արդյունքում էլ, ըստ տեղական մամուլի, կարողացել է իր շուրջը համախմբել ծայրահեղ ազգայնականներին եւ կարճ ժամանակում դառնալ խորհրդարանի ազդեցիկ ուժերից մեկը:

Աղմկահարույց վերջին հայտարարությունից հետո, սակայն, կառավարությունը շտապել է քննադատել պատգամավորին: Ինքը՝ Գյոնգոշը եւս երեկ փորձել է մեղմել սեփական կուսակցության կայքէջում ավելի վաղ տեղադրված պնդումները եւ հայտարարել է, թե «վտանգ ասելով նկատի է ունեցել միայն երկքաղաքացիություն ունեցող հունգար-հրեաներին»։

Տեղական հրեական կազմակերպություններին, սակայն, այս պատճառաբանությունները չեն համոզել. այսօր «Հունգարիայի հրեաների միավորված ժողովը» հայտարարել է, թե պատրաստվում է դատի տալ ազգայնական պատգամավորին:

«Այսօրինակ դեպքերում դա հնարավոր միակ ելքն է», - ասել է կազմակերպության ղեկավարը եւ պնդել. - «Նորմալ երկրներում մյուս բոլոր կուսակցությունները կկանգնեին եւ կասեին՝ սա անընդունելի է, այս գործիչը պետք է հրաժարական տա, սակայն Հունգարիայում կարծես թե չկա այդ առողջ բարոյական դիրքորոշումը, եւ մեզ մնում է միայն դատարան գնալ: Եթե չհաջողենք Բուդապեշտում, կդիմենք Եվրամիությանը»:

Հունգարիայի ներսում սկիզբ առած հերթական այս սկանդալին այսօր անդրադարձել են արեւմտյան գրեթե բոլոր առաջատար պարբերականները: Ներկայացնելով ազգայնական Գյոնգոշի կենսագրությունը՝ բրիտանական «Դեյլի մեյլի» լրագրողը նկատել է, որ դիվանագետի ընտանիքում ծնված եւ Մերձավոր Արեւելքում մեծացած 35-ամյա գործչի աշխատասենյակը զարդարված է հիմնականում Իրանից ու Թուրքիայից բերված հուշանվերներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG