Մատչելիության հղումներ

«Հակահարվածի» անդամները պահանջում են քրեական հետապնդման ենթարկել իրենց ծեծողներին


«Հակահարված art» խմբի ակտիվիստները գլխավոր դատախազությունից եւ ոստիկանությունից պահանջում են քրեական գործ հարուցել Երեւանի պետական համալսարանում օրերս տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ:

Համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկանի, անվտանգության աշխատակիցների ու ինչ-որ երիտասարդների մասնակցությամբ խմբի ակտիվիստներին քաշքշելու եւ հարվածներ հասցնելու դեպքից անցել է 6 օր, բայց դեռեւս նյութեր են նախապատրաստվում: Ակտիվիստներ Թաթուլ Սարոյանը, Հերբերտ Գեւորգյանն ու Արտակ Գեւորգյանը պահանջում են հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել իրենց նկատմամբ բռնություն գործադրած անձանց:

Միջադեպի ժամանակ հարվածներ ստացած Արտակ Գեւորգյանը այսօր ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Նա «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ հիմնական հարվածները տեղացել են դեմքին` քթի ու բերանի հատվածում: Տղաները համոզված են, որ կատարվածը պատկերող տեսանյութը, որը տեղադրված է համացանցում, կարող է հիմք դառնալ իրենց հարվածողների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար:

Համացանցում եւ լրատվամիջոցներում մեծ աղմուկ հանած այս միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ «Հակահարված» նախաձեռնության ակտիվիստները պատմական ֆակուլտետի աստիճաններով բարձրանալով բարձրախոսով ուսանողությանը հորդորում էին չհանդուրժել ընդդիմադիր ՀԱԿ-ի չորս երիտասարդ ակտիվիստներին ազատազրկելու դատարանի որոշումը: Տեսանյութում հստակ երեւում է, որ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը փորձում է նրանց արգելել առաջ գնալ, բարկացած քաշում է երիտասարդի թեւից, հրում է նրան, այնուհետեւ միջամտում են համալսարանի անվտանգության աշխատակիցներն ու ինչ- որ քաղաքացիական հագուստով երիտասարդներ, սկսվում է քաշքշուկը, հրմշտոցն ու հարվածները:

Հարվածներ ստացած Արտակ Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ այս գործին ընթացք չտալը «աբսուրդ» կլինի: Վերապահումներ հայտնելով սկսված քննության անաչառության նկատմամբ` նա վկայակոչեց դեմքից անմիջապես հետո ոստիկանության բաժանմունքում իրենց նկատմամբ ցուցաբերված արհամարհական վերաբերմունքը, երբ իրենք ինքնակամ են գնացել որպես տուժողներ, սակայն «իրենց վերաբերվել են ինչպես բերման ենթարկվածների»:

«Ասում էին` «սրանց ինչի՞ եք բերել», «հլը պատի տակ շարվեք». ասում էինք` ներկայացեք, պատասխանում էին` «դու հլը փոքր ես, որ ինձ ասես ներկայանամ, թե չներկայանամ», «դու հլը փոքր ես, որ իրավունքներից խոսաս» եւ այլն: Մենք էլ ոչ մի բան չասացինք, շենքը լքեցինք», - ասաց Գեւորգյան:

Ոստիկանությունը արդեն պարզաբանել է, որ բաժնում հեռախոսով բարձր խոսելու համար են երիտասարդներին դիտողություն արել:

«Հակահարվածը» թեեւ ապակուսակցական նախաձեռնություն է, սակայն այս երիտասարդները հաճախ էին մասնակցում ընդդիմադիր ՀԱԿ-ի 4 ակտիվիստների դատավարությանը զուգահեռ անցկացվող բողոքի ակցիաներին: Ուստի ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպից հետո Կոնգրեսը անմիջապես հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ` կատարվածը որակելով «ընդդիմադիր քաղաքական ակտիվությունը ճնշելու հերթական դեպքը»։ Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակնհայտ էր համարում «ծեծի» եւ «խուլիգանության» հատկանիշները:

«Պատմության ֆակուլտետի դեկանը, տեսականորեն եթե անգամ ընդունենք, որ իրավացի էր, խաղաղ առանց զենքի ոչ զանգվածային միջոցառումը ընդհատելու համար, ապա միեւնույն է` նա իրավունք չուներ բռնության դիմելու: Օրենքով սահմանված կարգ գոյություն ունի. նա կարող էր զանգահարել ոստիկանություն, ոստիկանությունը դադարեցներ, ենթադրենք, «Հակահարված» խմբի տղաների ոչ իրավաչափ գործողությունները: Սակայն ակնհայտորեն մենք տեսնում ենք միջամտություն, որը ուղեկցվել է բռնությամբ եւ ծեծով», - ասաց Խաչատրյանը:

«Սա հերթական դեպքն է, որ Կոնգրեսը պարզապես արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած նախաձեռնություն, որը ընդդեմ բռնապետության է, հակահարված է ստանում արդեն ոչ միայն իշխանության ներկայացուցիչների կողմից, այլ նաեւ պետական կրթական հաստատությունների կամ դրանց օղակների ներկայացուցիչների կողմից», - հավելեց Խաչատրյանը:

ԵՊՀ-ն «լավ կազմակերպված սադրանք» է որակում այդ օրը կատարվածը` պնդելով, որ այս երիտասարդները ապօրինի գործողություններ են կատարել, անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ, քաշքշուկ հրահրել, բռնություն են գործադրել` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների եւ ուսանողների, խաթարել են ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Համալսարանի լրատվական բաժինը երեկ տարածած հայտարարության մեջ այս միջադեպն ու դրան հաջորդած Հայ ժողովրդի պատմության դասագրքի շուրջ սկանդալը համարում է շահարկում «միմիայն քաղաքական նկատառումներով»:

ԲՈՒՀ ի լրատվական բաժնից փոխանցեցին, որ այս պահին ավելին ասել չեն ցանկանում, լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու անհրաժեշտություն չեն տեսնում:
XS
SM
MD
LG