Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերությունում «գերշահույթները չեն հարկվում»


Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա են գերշահույթներ, որոնք, ըստ էության, չեն հարկվում, իսկ ոլորտի ձեռնարկությունների գործունեությունը ներկայացնող պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին կայացած կառավարության նիստում ներկայացնելով ընդերքօգտագործման ոլորտում ընթացիկ տարվա ինը ամիսներին արձանագրված հիմնական տնտեսական ցուցանիշները` Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե այս տարի արդեն իսկ արդյունահանվել է 19 միլիոն տոննա հանքանյութ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունահանված հանքանյութի ծավալային աճը կազմել է 36 տոկոս. - «Նախորդ տարի արդյունահանված հանքաքարի ապրանքային արտադրանքը կազմել է գումարային արտահայտությամբ շուրջ 135.9 միլիարդ դրամ, այս տարի` 149.6 միլիարդ դրամ»:

Նախարարը նաեւ նշել էր, թե արդյունահանման ներկայացված ծավալների պարագայում պետբյուջեին արված վճարումները կազմել են 16.7 միլիարդ դրամ, ինչը, ի դեպ, մոտ 6 միլիարդ դրամով պակաս է նախորդ տարվա համարժեք ցուցանիշից՝ պայմանավորված միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների անկմամբ:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մինչդեռ, պնդում է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրական շրջանառությունը բազմապատիկ ավելի է, քան պաշտոնապես հրամցվողը:

«Իրական շրջանառությունը հանքարդյունաբերության մեջ երկու միլիարդ դոլար է: Ցույց է տրվում պաշտոնապես 380 միլիոն դոլար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախկին վարչապետը:

Ցուցադրելու համար, թե նման շրջանառության պարագայում ինչպիսին պետք է լինի պետբյուջեին վճարվող գումարի չափը, Հրանտ Բագրատյանը հետեւյալ օրինակը բերեց. - «Եթե սա Լիբիան լիներ, երկու միլիարդ դոլարից մեկուկես միլիարդ դոլարը կգար բյուջե: Հայաստանում է գալիս է մոտ 30 միլիոն դոլար»:

Որպեսզի հասկանալի լինի այս ոլորտի իրական գերշահութաբերության աստիճանը, նախկին վարչապետը նաեւ հետեւյալ հանգամանքն է վկայաբերում. նախորդ տարվանից մետաղական հանքարդյունաբերության ոլորտի տնտեսվարողներից գանձվում են «ռոյալթի» կոչվող վճարները: Եվ անգամ այդ պարագայում, նրա խոսքով` ոլորտից ստացվել է «մոտավորապես այնքան գումար, ինչքան ստացվել է նախանցյալ տարի` առանց ռոյալթիի»:

«Ռոյալթին» մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաեւ այդ հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից առաջացող բարձր շահութաբերության համար պետական բյուջե վճարվող վճարն է:

Ի դեպ, այսպես կոչված՝ բնօգտագործման վճարների մասին: էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը կառավարության հիշյալ նիստի ժամանակ հետեւյալ ցուցանիշներն էր ներկայացրել. - «Անցած տարի 9 ամիսների ընթացքում վճարվել էր 7.5 միլիարդ, այս տարի` 10.3 միլիարդ»:

Մինչդեռ, Հրանտ Բագրատյանի խոսքով, ամբողջությամբ սխալ է հարկման ռեժիմը, այդ թվում՝ զանազան վճարների գանձման համակարգը. - «Հարկման ռեժիմ գոյություն չունի, հարկեր չկան: Ապրանքը` պղինձը, հանում է, դրա համար ինքը չի վճարում: Ինքը վճարում է ինչ-որ հիմար վճար, թե իբր բնությունը վերականգնվի: Ո՞վ է իրեն ասել` բնությունը վերականգնի: Բնությունը վերականգնում է նա, ով որ պետք է վերականգնի բնությունը: Մարդը հարկ չի տալիս: Մեռանք ասելով` մտցրեք հանքահումքային ռեսուրսների ուղղակի վաճառք»:

Սակայն, անգամ հանքարդյունաբերության ոլորտի ներկայումս գործող հարկման համակարգի պայմաններում, ըստ Հրանտ Բագրատյանի, պետբյուջե կատարված վճարները պետք է հնարավորություն տային բարձրացնել կենսաթոշակները. – «Մենք իրավունք չունեինք այսօր 65-70 դոլար թոշակ ունենալու: Այն 100-120 դոլարից պակաս լինել չէր կարող»:

Հիշեցնենք, որ վերջերս Պետեկամուտների կոմիտեի հրապարակած՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընգրկված են հանքարդյունաբերության ոլորտի գրեթե բոլոր ձեռնարկությունները: Ընդ որում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
XS
SM
MD
LG