Մատչելիության հղումներ

Մանոյան. Հանգանակված գումարի 10 տոկոսը բավարար է


Կիրո Մանոյան
Կիրո Մանոյան
Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն ասում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարի տասը տոկոսը բավարար է սիրիահայերի առաջնային կարիքների լուծման համար, ու ամենեւին կարիք չկա ողջ գումարը հատկացնել սիրիահայությանը: «Այլ խնդիրներ եւս կան», - ասում է Մանոյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է մոտ 21.5 միլիոն դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։

«Այն, ինչին պետք է հատկացվեն այդ գումարները, նույնքան կարեւոր են: Տաս տոկոսի հատկացումը, կարծում եմ, մեծ աջակցություն կլինի առնվազն մեկ տարվա համար», - ասաց Մանոյանը չորեքշաբթի կայացած ասուլիսում:

Ըստ դաշնակցական գործչի` սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը ընդհանուր առմամբ բավարար են:

«Կարծում ենք, բավական հնարավորություններ են տրվել Սիրիայից այստեղ ժամանակավոր կամ մշտական հաստատվածներին եւ հետզհետե ինչ-որ բաներ փորձում են շտկել, որպեսզի բոլոր խնդիրները կարողանան հաղթահարեն: Ինչ վերաբերում է Սիրիայում մնացած համայնքի կարիքներին, ապա պիտի ասեմ, որ պետությունը այնտեղ հնարավորինս արել է, եւ բոլոր արածների մասին չէ, որ կարող է խոսել», - ասաց Մանոյանը:

Մանոյանը, ինչպես եւ մի քանի ամիս առաջ, այժմ եւս կարծում է, որ Սիրիայի հայկական համայնքը այդ երկրում տեղի ունեցող պատերազմի թիրախ չէ, ուստի սիրիահայերին Հայաստանի կառավարությունը չպետք է դուրս բերի այդ երկրից:

Սիրիայում կառավարության ու ընդդիմության միջեւ ավելի քան մեկուկես տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 40 հայ, որոնց մեծ մասը ռումբերի ու պայթյունների պատահական զոհ են դարձել:

«Հայ համայնքը թիրախ չէ, կորուստներ ունեցել ենք` որպես մաս ընդհանուր իրավիճակի եւ ոչ թե որպես թիրախ», - չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մանոյանը:

Մանոյանը կարծում է, որ հիմնական պատճառը, որ հայկական համայնքը չի ուզում լքել Սիրիան, տարիների ընթացքում այնտեղ ստեղծած ունեցվածքն է, ձեւավորած միջավայրը եւ այլն: Ըստ նրա` Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի մնացողներին, Հայաստան տեղափոխվածների համար հնարավորություններ ստեղծի, իսկ նրանց, ովքեր մտադիր են այլ երկիր տեղափոխվել, պետք է ինչ-որ ձեւով խրախուսի, որ գան Հայաստան:

Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով, Հայաստանում այժմ ավելի քան 6000 սիրիահայ կա: Սփյուռքի նախարարությունում այն կարծիքին են, որ եթե Սիրիայում խաղաղություն հաստատվի, նրանց մեծ մասը կվերադառնա: Մինչդեռ սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը չի երեւում, եւ ինչպես Սիրիայում մնացած, այնպես էլ Հայաստան տեղափոխված սիրիահայերը սպասողական ու անորոշ վիճակում են: Նրանց մեծ մասն անգործ է եւ Սիրիայում, եւ Հայաստանում, իսկ կուտակած գումարները վերջանում են:

ԱՄՆ-ում հրատարակվող «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը նոյեմբերի սկզբին սթափության կոչ արեց համայն հայությանը` սիրիահայության խնդիրներին ուղղված ջանքերը որակելով խիստ անբավարար եւ շատ ուշացած: «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային էջի իր բլոգում Սասունյանը գրել էր, որ «Հալեպն այրվում է, մինչ մենք ջութակ ենք նվագում»` նշելով, որ մինչ օրս չկա մշակված համապարփակ ծրագիր այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար: Սասունյանը անբավարար է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարի տասը տոկոսի հատկացումը սիրիահայությանը: Նա նշում է, որ դեռեւս ուշ չէ այդ որոշումը փոփոխել եւ հանգանակված ողջ գումարը հատկացնելու նրանց:

Հայաստանի կառավարությունը սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված հատուկ ծրագիր չունի, բայց անցած ամիսների ընթացքում տարբեր որոշումներ է կայացրել դյուրացնելով նրանց հարաբերությունները պետական մարմինների հետ: Սփյուռքի նախարարությունն էլ տարբեր միջոցառումների միջոցով փորձում է լուծել Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրները: Սասունյանն առաջարկում է ստեղծել համահայկական կառույց` սիրիահայերի համար միջոցներ հայթայթելու եւ լոբբինգի համաշխարհային ջանքերը համակարգելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG