Մատչելիության հղումներ

Բաքվի հռչակագիրը «չի կարելի ընդունված համարել»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ օրերս Բաքվում կայացած Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսին հրապարակված հռչակագիրը ոչ միայն չի կարելի ընդունված համարել, քանի որ որեւէ քվեարկություն տեղի չի ունեցել, եւ հռչակագիրը սոսկ ընթերցվել է, այլեւ այդ հռչակագրով նպատակ է հետապնդվում «ղարաբաղյան խնդրում նեցուկ կանգնել Իլհամ Ալիեւի քաղաքականությանը»:

Հովհաննիսյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ, այսպես կոչված, Բաքվի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ է գտել միայն պետությունների տարածքային ամբողջականության մասին դրույթը եւ բացակայում է ազգերի ինքնորոշման մասին որեւէ հիշատակում:

«Ժառանգության» առաջնորդը մասնակցում էր Ադրբեջանի մայրաքաղաքում նոյեմբերի 21-24-ը տեղի ունեցած Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին եւ կիրակի օրն է վերադարձել Երեւան:

«Նրանք, ովքեր հասկանում են օրենքի եւ ապօրինության տարբերությունը, պետք է իմանան, որ այս հռչակագիրը ընդամենը ընթերցվեց եւ չհաստատվեց: Ես դեմ կանգնեցի թեկուզ այդ ընթերցմանը, որովհետեւ այն խախտել է ոչ միայն մեր տեսակետը` Արցախի ինքնորոշման եւ ազատության եւ տարածքային ամբողջականության հրամայականը, որի մասին ես խոսեցի, այլ պարզապես ուղղակի արհամարհանք էր բոլոր պատվիրակներին, ովքեր դա զգացին: Մենք սկսել ենք ստանալ տարբեր արձագանքներ ոչ ադրբեջանցի եւ ոչ թուրք պատվիրակներից, ովքեր հավաստում են իրենց զորակցությունը մեր տեսակետին», - ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող մասը վերջին պահին գաղտագողի է ավելացվել հռչակագրում, եւ երբ ինքը հռչակագրի ընթերցումից հետո փորձել է իր առարկությունները հայտնել, իրեն արգելվել է դա անել, իսկ դահլիճում ներկա ադրբեջանցի եւ թուրք պատվիրակներին էլ սկսել են աղմկել` ձեռքերով հարվածելով սեղաններին` նպատակ ունենալով խոչընդոտել Հովհաննիսյանի հնարավոր ելույթը:

Այս միջադեպը ֆիքսել էր ադրբեջանական Yurd հեռուստաընկերության տեսախցիկը եւ տեսաձայնագրությունն էլ հայտնվել էր YouTube-ում:

Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական բողոք է հղել Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի համանախագահներին, կազմակերպության քարտուղարությանը եւ կոնֆերանսին անդամ տարբեր երկրների կուսակցությունների պատվիրակներին` պահանջելով անվավեր համարել «Բաքվի հռչակագիրը»:

«[Ասիական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից] շատերը առաջին անգամ էին լսում հայկական տեսակետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ», - անդրադառնալով Բաքվում ունեցած իր ելույթին` նշեց «Ժառանգության» առաջնորդը. - «Մինչ այդ իրենք միայն լսել էին կրկնվող ադրբեջանական քաղաքականության հռետորաբանության տարափը այս կամ այն միջազգային խորհրդաժողովում: Հայկական խոսքը, տեսակետը պետք է ներկա լինի, մենք տուժում ենք մեր պասիվ, ծույլ արտաքին քաղաքականության պատճառով, որը նաեւ բխում է մեր ներքին պետական, իշխանական ժողովրդավարական դրվածքից»:

«Հայաստանը կունենա չորրորդ նախագահ, եթե...»

Անդրադառնալով փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին` «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ եթե դրանք անցնեն ազատ ու արդար, ապա Հայաստանը կունենա նոր նախագահ` թվով չորրորդը:

«Եթե բացառության կարգով 20 տարվա ընթացքում առաջին անգամ ազատ, արդար եւ սահմանադրական ընտրություններ լինեն Հայաստանում, մենք կունենանք չորրորդ նախագահ, եւ նվազագույնը կունենանք շատ լուրջ, անկանխատեսելի պայքար նախագահության համար», - ասաց Հովհաննիսյանը:

Այն հարցին, թե արդյոք իր այդ խոսքերից կարելի՞ է հետեւություն անել, որ եթե Հայաստանի ներկայիս` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքում, ապա այդ ընտրությունները ինքը ազատ եւ արդար չի համարի, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ի սկզբանե դա չեմ կարող պնդել, բայց եթե պետական շենքերը, դպրոցները, քոլեջները, մշակութային տները օգտագործվում են կուսակցական, ոչ թե պետական գործունեության համար, եւ եթե կրթական եւ հանրային այլ ոլորտները կուսակցականացվում են, եթե շարունակվում է պետական բյուջեի հատվածական կիրառումը, ես համարում եմ, որ դրանք ազատ եւ արդար ընտրություններ չեն»:

«Կարելի է ասել, որ ներկա դրությամբ հիմք չունեմ ասելու, որ փետրվարի 18-ին այնքան փոխված կլինի Հայաստանը, որ ես ձեզ ասեմ, որ մենք ունենք ազատ եւ արդար ընտրությունների գնալու հնարավորություն», - շարունակեց նա. - «Բայց նաեւ չեմ ուզում ասել ի սկզբանե, թե ինչ է լինելու այս ընտրությունների արդյունքները: Եթե կրկնվելու են մայիսի խորհրդարանական ընտրությունների ընթացակարգերը, խախտումները, համատարած կեղծիքները, ուրեմն հիմիկվանից կարող ենք ասել, որ հավանական է` այդպես էլ լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG