Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանը կարող է գործարկվել 2 ամսից


Լեռնային Ղարաբաղի Քաղավիացիայի վարչության պետը չի բացառում, որ երկու ամսից սկսեն իրականացվել Ստեփանակերտ - Երեւան չվերթները:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը վերջերս հայտնել էր, թե Թուրքիան կարող է փակել իր օդային տարածքը Հայաստանի համար, եթե Ստեփանակերտի օդանավակայանը սկսի թռիչքներ ընդունել: Ըստ ադրբեջանական աղբյուրի` Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ այս հարցում արդեն հստակ համաձայնություն կա:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հրաժարվել էր մեկնաբանել այս տեղեկությունը, փոխարենը նշել էր, որ իրենք վստահ են, որ Ստեփանակերտ - Երեւան չվերթները պահանջված կլինեն եւ իրականություն կդառնան: Մովսեսյանը նշել էր նաեւ, որ վերջերս իրենք Ստեփանակերտի օդանավակայանում աուդիտ են իրականացրել եւ պարզել որ այնտեղ որոշակի խնդիրներ կան, որոնք շտկելուց հետո միայն կարելի է սկսել չվերթները:

Վերջերս Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես հանձնվեց շահագործման: Ղարաբաղի կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ թեեւ ներկայումս օդանավակայանում առկա են տեխնիկական խնդիրներ, բայց դրանք չեն կարող ազդել թռիչքների իրականացման վրա:

Դմիտրի Ադբաշյանը ասաց, որ իրենք արդեն կապ են հաստատել համապատասխան սարքեր արտադրող կազմակերպությունների հետ, օրերս կուսումնասիրվեն եւ կկնքվեն պայմանագրերը, իսկ սարքերը տեղում կլինեն մոտ երկու ամսից, ինչից հետո էլ, այլ խնդիրներ չառաջանալու դեպքում, կսկսվեն իրականացվել Ստեփանակերտ - Երեւան չվերթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG