Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. « Մեր թշնամին այլատյացությունն է»


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

«Խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի հեռանկարը հրամայական է», - հայտարարել է Հայաստանի նախագահը լիբանանցի խորհրդարանականների հետ հանդիպմանը։

Լիբանանը հայ ժողովրդի մի ստվար հատվածի համար երկրորդ հայրենիքի նշանակություն ունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը`ելույթ ունենալով Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի եւ Լիբանանի խորհրդարանականների հետ երեքշաբթի օրը Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ։

«Հայ - լիբանանյան հարաբերությունները սոսկ գործընկերային չեն, այլ՝ բարեկամական, քանզի Հայաստանը եւ Լիբանանը կապված են դարավոր բարեկամության եւ պատմամշակութային ամուր կապերով», - ասել է Սերժ Սարգսյանը։

«Մենք միշտ երախտագիտությամբ ենք հիշելու լիբանանցի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, երբ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված ոճրագործության հետեւանքով ցեղասպանվեց եւ հայրենազրկվեց իր հողի վրա ապրող ու արարող հայ ժողովրդի ստվար հատվածը: Հյուրընկալ, բարյացակամ եւ հանդուրժողական Լիբանանը դարձավ այն հանգրվաններից, որտեղ հայության բեկորները փրկություն եւ ապաստան գտան, ամրացան, ոտքի կանգնեցին՝ ակտիվորեն մասնակցելով եւ ինտեգրվելով Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին, միաժամանակ կարողանալով պահպանել ազգային հարուստ մշակույթն ու արժեքները», - ասել է Հայաստանի նախագահը իր ելույթում։

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի Լիբանանի խորհրդարանի նախագահ հարգարժան Նաբիհ Բերրիին եւ խորհրդարանի անդամներին շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, Լիբանանը լուրջ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ եւ ընդունել է այն դատապարտող բանաձեւեր` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը։

«Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի եւ հայերիս համար առանձնահատուկ տեղ ունի։ Մենք դիտարկում ենք Լիբանանը որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի թանկ բարեկամ եւ հուսալի գործընկեր», - հայտարարել է Հայաստանի նախագահը` հիշեցնելով, որ այս տարին նշանավորվում է Հայաստանի եւ Լիբանանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակով:

«Ցավոք, թե՛ Հարավային Կովկասը եւ թե՛ Մերձավոր Արեւելքը շարունակում են մնալ պայթյունավտանգ՝ լի խորքային հակասություններով ու հակամարտություններով: Հայաստանն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններով. դրանք այսօր առաջնային նշանակություն են ձեռք բերել մեզ համար եւ դարձել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգային հարց:

Արաբական աշխարհը թեւակոխել է անցումային մի բարդ շրջան, որը հաղթահարելու համար մեծ համբերություն, տոկունություն եւ հավատ է պահանջվում: Ծավալված ժողովրդական հուզումների ալիքը, որ դժբախտաբար անարյուն չի ընթանում, պայմանավորված է մի շարք խորքային գործոններով, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ: Դրանք թե՛ սոցիալ-տնտեսական եւ թե՛ քաղաքական բնույթ ունեն», - ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ «թիվ մեկ մարտահրավերը խաղաղության եւ կայունության հաստատումն է, բռնությունների դադարեցումը»:

«Մենք խիստ մտահոգված ենք Սիրիայի ժողովրդի ճակատագրով: Շարունակվող զինված ընդհարումներն ու ահաբեկչական գործողությունները պարզապես անընդունելի են: Հնարավոր չէ առանց ցավի հետեւել, թե որքան արյուն է թափվում եւ ինչպես է օր օրի ավերվում այդ երկիրը:

Ստեղծված իրավիճակը, համոզված եմ, արդյունք է նաեւ այն բանի, որ որոշ տարածաշրջանային պետություններ չեն խորշում իրենց խնդիրները լուծել սիրիացի ժողովրդի արյան գնով: Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման եւ հենց իրենց` սիրիացիների կողմից ճգնաժամի խաղաղ կարգավորման դիրքերից», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Սիրիայի եղբայրական ժողովրդի հետ ծանր ժամանակներ է ապրում նաեւ բազմահազար սիրիահայությունը: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. սա փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Եվ մենք կոչ ենք անում մեր սիրիահայ եղբայրներին` պայքարել իրենց գրկաբաց հյուրընկալած եւ իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիայում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար», - շարունակել է Սերժ Սարգսյանը։ - «Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձեւավորված, ամուր եւ կենսունակ համայնքներից է, որով մենք իսկապես հպարտանում ենք: Հայաստանը, նաեւ համայն հայությունը աջակցում եւ աջակցելու են Սիրիայի ժողովրդի ցանկությանը՝ գտնել խաղաղություն իրենց տանը եւ պահպանել իրենց օջախները»:

«Մեր տարածաշրջանին, դժբախտաբար, նույնպես ծանոթ են պատերազմի արհավիրքները, գիտենք, թե ինչ է նշանակում պարտադրված պատերազմ եւ ատելություն սերմանելու համար ստեղծվող պարարտ հող: Բոլորովին վերջերս էր, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ի պատասխան ազգերի ինքնորոշման իր հիմնարար եւ օրինական իրավունքի խաղաղ պահանջի, ստիպված եղավ դիմակայել եւ հաղթահարել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը: Հայրենիքը լքելու կամ ինքնապաշտպանվելու երկընտրանքից Լեռնային Ղարաբաղի հերոսական ժողովուրդն ընտրեց երկրորդ տարբերակը: Եվ բազմաթիվ զրկանքների եւ արյան գնով տեր կանգնեց սեփական հայրենիքում ազատ ապրելու իր իրավունքին», - ասել է Հայաստանի նախագահը։

«Այժմ Ադրբեջանը ջանք չի խնայում խնդրի էությունը խեղաթյուրված ներկայացնելու, ամենատարբեր կառույցներում ապատեղեկատվություն տարածելու եւ տարբեր երկրներին թյուրիմացության մեջ գցելու համար: Ադրբեջանը որոշ հարթակներում փորձում է խնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն, ինչը չի կարող աղերս ունենալ իրականության հետ: Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերությունները բազմաթիվ իսլամական երկրների հետ վկայում է մեր` տարբեր կրոնների եւ քաղաքակրթությունների միջեւ երկխոսության համար բաց լինելու մասին: Ցավալի է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանին հաջողվում է, շահարկելով իսլամական համերաշխության գործոնը, Ղարաբաղյան խնդրի նկատմամբ խեղաթյուրված դիրքորոշումներ ձեւավորել», - հայտարարել է Սարգսյանը` մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հարցում Լիբանանի հավասարակշիռ դիրքորոշման եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ցուցաբերած աջակցության համար. - «Ձեր հավասարակշիռ մոտեցումը եւս մեկ ներդրում է` հօգուտ մեր տարածաշրջանի կայունության»:

«Այսօր Ադրբեջանը, չնայած հաստատված զինադադարին, շարունակում է գնդակոծել ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի սահմանները, եւ որին զոհ են գնում անմեղ երիտասարդներ: Ի պատասխան միջազգային հանրության` խնդիրը խաղաղ կարգավորելու բոլոր ջանքերին, շարունակում է իր ռազմատենչ քարոզչությունը եւ սպառազինությունների աննախադեպ կուտակումը: Բերեմ միայն մեկ օրինակ. Ադրբեջանի՝ Իսրայելից գնած սպառազինություններն ըստ տարբեր աղբյուրների գերազանցում են 1.5 միլիարդ դոլարը: Բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանն ընդառաջ չի գնում միջնորդների առաջարկներին վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ, ասենք դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու հարցում», - ասել է Սերժ Սարգսյանը։ - «Ավելին, ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց ժողովրդին մեծ եռանդով ատելություն եւ թշնամանք ներարկել հայերի նկատմամբ: Այլապես, ինչպե՞ս կորակեք Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»:

«Այստեղ, այս բարձր ամբիոնից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չկա որեւէ ժողովուրդ, որին Հայաստանը եւ հայերը թշնամի կանվանեն: Եվ բնական է, որ չկա: Մեր թշնամին այլատյացությունն է, որ այդպես լիուլի հարեւան երկրում ներարկում են իրենց մատաղ սերնդին: Մեր թշնամին ծայրահեղականությունն է եւ անհանդուրժողականությունը, ինչպիսին ոմանց երազներն են՝ աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանն ու Ղարաբաղը, հայաթափել դրանք, ինչպես հայաթափել են Ադրբեջանի կազմում մեկ այլ` Նախիջեւանի ինքնավարությունը», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

«Այս անհեռատես քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ժողովուրդը երբեք պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել: Վերջապես ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ, կարծում եմ, Ադրբեջանը չեն պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, ուստի խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի հեռանկարը ոչ թե ընտրություն է, այլ հրամայական», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Նա նաեւ նշել է, որ «արդեն երկար տարիներ Թուրքիան ու Ադրբեջանը ուս ուսի տված շարունակում են Հայաստանը պահել անօրինական շրջափակման մեջ, որը թեեւ վնասել ու խոչընդոտել է մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, սակայն չի կարողացել խաթարել այն»:

«Կարծում եմ ժամանակն է, որ մեր հարեւան պետությունները իրատեսական հայացք գցեն տարածաշրջանում ընթացող իրադարձություններին, վերագնահատեն իրենց քայլերի արդյունավետությունը: Այդ պարագայում միգուցե մեր բազմաչարչար ժողովուրդների մոտ կարթնանա հաշտ ու խաղաղ ապագայի հույսը», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG