Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 28-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Պարզ չէ, թե ինչով կավարտվի «միասնական թեկնածու» օպերացիան, քանի որ «թեկնածուները» մեկը մեկից բարձր լռում են, բայց ակնհայտ է, որ այդ օպերացիան արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքը: Այն վիշապի նման կլանել է հանրային էներգիան, միտքը` պահելով սպասման մեջ եւ զրկելով այդ միտքն ու էներգիան արտադրողականությունից, որ կարող էր ունենալ նախագահական ընտրություններին նախորդող ներկայիս կարեւոր շրջանում: «Միասնական թեկնածու» օպերացիայի շնորհիվ հաջողվեց կաղապարել հասարակական-քաղաքական կյանքը: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ իշխանությունն էլ դրան ոչ մի կերպ չխոչընդոտեց, քանի որ այն, ինչ կատարվում էր միասնականության անվան տակ, իրականում ոչ մի կերպ չէր հակասում իշխանության ծրագրերին»:

Նույն հարցի վերաբերյալ «Հրապարակ»-ի թղթակիցը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Արտախորհրդարանական ուժերի համախմբումը կարո՞ղ է իրավիճակ փոխել»: Պատասխան. - «Այս պահին նման համախմբում չեմ տեսնում: Կա կոնկրետ ուժ, որը փորձում է մնացածին ասել՝ դուք կոնկրետ իմ կողքը հավաքվեք: Իշխանությունն էլ փորձում է այդ ուժն այնպես ներկայացնել, որ կարողանա հավաքի մյուսներին, բայց պարտվի ու ձայն չհանի: Սա իշխանության ծրագիրն է եւ լուրջ քաղաքական ուժ, լուրջ դեմք այս խմորումների մեջ չի մտնի: Ես, օրինակ, չգիտեմ՝ այդ ուժերը Հայաստանում ինչ են ուզում փոխել, բացի, ինչպես ոմանք հայտարարում են, Սերժ Սարգսյանից: Այսինքն՝ օլիգարխների դեմ պայքարելո՞ւ են, մենաշնո՞րհ են վերացնելու… Այդ համախմբումը չի իրագործվում նաեւ, որովհետեւ Դաշնակցությունն օրինակ, որպես ավելի գաղափարական կուսակցություն եւ իր իմիջը հարգող, միշտ փորձում է այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ դուրս գա, ազգի համար ինչ-որ բան անի»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի ոչ իշխանական ուժերի ճամբարում, հիշեցնում է հայտնի մաֆիա խաղը, որտեղ բոլորը հավատացնում, համոզում են, որ իրենք «կարմիր» (ընդդիմադիր) են, մինչդեռ երբ գալիս է գիշերը, այսինքն` գործելու ժամանակը, բացահայտում են իրենց ինքնությունը: Գալիք նախագահական ընտրություններից առաջ սպասվող Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություններն այս առումով այն լակմուսի թուղթն են, որ արտացոլում են մեր չափազանց գաղափարական ոչ իշխանականների իրական գույնը»: «Ընտրություններին մնացել է ընդամենը չորս օր, սակայն մինչեւ օրս Ստեփան Սաֆարյանը ստիպված է եղել միայնակ պայքարել իշխանական թեկնածուի` քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու ձեռքի տակ եղած անսահմանափակ վարչական ռեսուրսների օգտագործման եւ ցուցակների ուռճացման դեմ: Մինչդեռ քաղաքական ուժերից եւ ոչ մեկը որեւէ անգամ չի փորձել գոնե քարոզչական, թեկուզ իրենց կուսակցականներից որեւէ մեկի «անձնական կարծիքի» մակարդակով աջակցություն ցուցաբերել իրենց իսկ բնորոշմամբ` «ռեժիմի» դեմ պայքարի դուրս եկած թեկնածուին», - կարդում ենք նույն խմբագրականում:

Իսկ նույն ընտրատարածքում մյուս թեկնածուի` Ռոբերտ Սարգսյանի հետ զրուցել է «Հայոց Աշխարհ»-ը: Լրագրողը հարցնում է. - «Ձեր մրցակիցը պատրաստվում է ԿԸՀ դիմել՝ ձեր թեկնածության գրանցումը չեղյալ համարելու նպատակով: Ճի՞շտ է, որ դուք չափից շատ շտաբներ ունեք»: Պատասխան. - «Ծանոթ եմ այդ անհիմն մեղադրանքներին: Հավաստիացնում եմ, որ քարոզարշավի ողջ ընթացքում մեր կատարած որեւէ քայլ Ընտրական օրենսգրքի որեւէ դրույթ կամ պահանջ չի խախտել: Քարոզչական նյութերի ոչ մի քանակական գերազանցում թույլ չենք տվել, իսկ շտաբների թվային տվյալների մասին մեր մրցակցի տեղեկատվությունը պարզ խաբկանք է, քանի որ ԸՕ-ում նախընտրական շտաբների թիվը սահմանափակող որեւէ դրույթ չկա: Նաեւ տեղեկացնեմ, որ Ավան եւ Նոր Նորք համայնքներում Հանրապետականը մեծ թվով կուսակցական գրասենյակներ ունի, եւ տեղական կառույցը, բնականաբար, ակտիվ մասնակցում է մեր շտաբի քարոզչական աշխատանքին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Տիգրան Սարգսյանը ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանի ջերմ երկրպագուն է, ամեն առիթով հիշեցնում է, որ այնտեղ է կրթություն ստացել ու Չուբայսի, Միլլերի եւ էլի շատ հայտնի մարդկանց համակուրսեցին է եղել եւ այլն։ Ըստ երեւույթին մտավախություն ունի, թե Հայաստանի ներքաղաքական բանակցությունների արդյունքում իրեն պաշտոնանկ կանեն, եւ փորձում է ամեն ինչ անել, որ ռուսները դեմ լինեն դրան։ Կստացվի, թե ոչ` այլ հարց է, բայց փաստն այն է, որ այսօր հենց Տիգրան Սարգսյանն է դարձել Ռուսաստանի փաստաբանը գազը թանկացնելու հարցում, ու հենց նա է մեզ բացատրում, որ գազի թանկացումն անխուսափելի է, որովհետեւ միջազգային գներ կան, շուկա կա եւ այլն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG