Մատչելիության հղումներ

logo-print

«Հայերի թվաքանակը Ռուսաստանում սրընթաց աճ է արձանագրում»


Հայաստան - Հայ աշխատանքային միգրանտները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Հայաստան - Հայ աշխատանքային միգրանտները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Դա, ըստ «Դեմոսկոպ» հանդեսի, միգրացիոն պրոցեսների, այլ ոչ թե ծնելիության բարձր ցուցանիշի վկայությունն է։

Վերջին 20 տարիների ընթացքում հայերի թվաքանակը Ռուսաստանում կրկնապատկվել է` պնդում են ռուսաստանցի մասնագետները:

«Եթե 1989-ին հայերի քանակը Ռուսաստանի տարածքում 532 հազար էր կազմում, ապա 2010-ին անցկացված մարդահամարի տվյալներով հայերի թվաքանակը Ռուսաստանի Դաշնությունում արդեն 1 միլիոն 180 հազար էր»: Այս տվյալները հրապարակված են ժողովրդագրական խնդիրներին նվիրված մոսկովյան ամենահեղինակավոր հանդեսի` «Դեմոսկոպ»-ի վերջին համարում:

ՅՈւՆԵՍԿՕ-ի, Ջորջ Սորոսի հիմնադրամի եւ ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող գիտական այս հանդեսն իր վերջին համարը ամբողջությամբ նվիրել է Ռուսաստանի բնակչության ազգային կազմի վերլուծությանը` արձանագրելով, որ բացարձակ թվաքանակով որեւէ այլ ազգի ներկայացուցիչներ այդքան սրընթաց կերպով չեն ավելացել, որքան հայերը:

Համեմատության համար` եթե 20 տարվա ընթացքում հայերի թիվը Ռուսաստանում աճել է 650 հազարով, ապա ռուսների թվաքանակը նույն ժամանակահատվածում կրճատվել է մոտ 9 միլիոնով, թաթարներինը` 250, իսկ հրեաներինը` շուրջ 400 հազարով: Ադրբեջանցիների եւ վրացիների թվաքանակը Ռուսաստանում 1989 թվականից մինչեւ 2010-ը եւս աճել է, այդ աճի տեմպերը, սակայն, զգալիորեն զիջում են հայերի շրջանում արձանագրված ցուցանիշին. ռուսաստանաբնակ ադրբեջանցիների թիվը 20 տարում ավելացել է շուրջ 370 հազարով, վրացիներինը` 27 հազարով:

Արձանագրելով, որ հայերի թվաքանակի կտրուկ աճը միգրացիոն պրոցեսների, այլ ոչ թե ծնելիության բարձր ցուցանիշի վկայությունն է` ռուսաստանցի մասնագետներն այնուհանդերձ նկատում են. - «Անդրկովկասյան երեք ազգերի ներկայացուցիչների մեծ մասը` շուրջ մեկ միլիոն մարդ, Ռուսաստանի տարածք տեղափոխվեց հիմնականում 90-ական թվականներին: 2000 թվականից հետո հիմնական ներգաղթյալներն արդեն Միջին Ասիայի բնակիչներ էին` ղրղըզներ, ուզբեկներ ու տաջիկներ»։ Միաժամանակ, «Դեմոսկոպ»-ը արձանագրում է. - «Դա, սակայն, չի նշանակում, որ անդկովկասյան մեծ հոսքը վերջնականապես դադարել է: 2008-2010 թվականներին 50-ից մինչեւ 100 հազար հայ է ներգաղթել Ռուսաստան: Ներգաղթյալ ադրբեջանցիների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է առնվազն 20, իսկ վրացիներինը` մոտ 5 հազար մարդ»:

«Դեմոսկոպ» հանդեսը վերլուծել է նաեւ Ռուսաստանում բնակվող ազգային խմբերի տարիքային պատկերը` այստեղ բնակվող հայերին դասելով առավելապես միջին` տնտեսապես ամենաակտիվ տարիքային խմբին. - «Հայերի ավելի քան 60 տոկոսը 20-ից մինչեւ 60 տարեկան է: Ռուսաստանաբնակ հայերի մոտ 30 տոկոսը ծնվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` նրանց 20 տարեկանը դեռ չի լրացել»: «Տարեցները Ռուսաստանում բնակվող ավելի քան մեկ միլիոն հայերի միայն 10 տոկոսն են կազմում», - նշում են ռուսաստանցի մասնագետները:

Այսօր հայերը Ռուսաստանի տարածքում բնակվող ազգերի թվում իրենց թվաքանակով յոթերորդն են` զիջելով միայն ռուսներին, թաթարներին, ուկրաինացիներին, չուվաշներին, բաշկիրներին ու չեչեններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG