Մատչելիության հղումներ

Երկու կազմակերպություններ դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը


Կարեն Մանվելյան, Արման Վերմիշյան

Կարեն Մանվելյան, Արման Վերմիշյան

Վայրի բնության հիմնադրամի եւ Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ղեկավարները դիմել են բնապահպանության նախարարությանը` պահանջելով չեղյալ հայտարարել ուրբաթ օրը կայացած Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթի արդյունքները եւ անցկացնել նոր մրցույթ: Նրանք նաեւ հայտարարում են, որ անժամկետ դադարեցնում են իրենց ֆինանսական աջակցությունն արգելոցին:

«Ես` որպես դիտորդ, մրցույթին եղել եմ: Այն շատ հեռու էր մրցույթ կոչվելուց: Շրջանառվում է մեկ մարդու անուն, եւ մենք, բնականաբար, կտրականապես դեմ ենք, որպեսզի տնօրեն լինի մի մարդ, որը իսկապես չունի համապատասխան բնագավառի կրթություն», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը:

Արգելոցի տնօրենի մրցույթին ներկայացած միակ թեկնածուն` Գաբրիել Պողոսյանը, ով քննության ժամանակ հնարավոր 100-ից ստացել էր 85 միավոր, մրցույթի հաղթողն է: Նա արդեն մեկ ամիս արգելոցի փոխտնօրենն է:

Մրցույթի օրը Գաբրիել Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ կրթությամբ ապրանքագետ է: Իսկ Արման Վերմիշյանը նշում է, որ մրցույթի մասին հայտարարության մեջ գրված էր, որ «հաղթողը պետք է ունենա համապատասխան ոլորտի կրթություն», իսկ ապրանքագիտությունը բնապահպանությանը չի առնչվում:

Կովկասի բնության հիմնադրամը վերջին երեք տարվա ընթացքում արգելոցում ներդրել է ավելի քան 210 հազար եվրոյին համարժեք դրամ, իսկ 40 հազարը պետք է արգելոցին տրամադրեր 2012-ի վերջին, ապա սկսեր եւս մեկ եռամյա ֆինանսավորման ծրագիր: Իսկ Վայրի բնության հիմնադրամը արգելոցում 2006-ից սկսած ներդրել է կես միլիոն դոլարին համարժեք դրամ եւ կրկին պատրաստվում էր ծրագրեր իրականացնել:

«Ցանկացած ծրագրում դրված է կայունության հարցը, եւ դու ասում ես, որ կայունությունը ապահովվում է, քանի որ դա պետական արգելոց է: Այստեղ կայունության հարցն է կասկածի տակ առնվում: Ինչպե՞ս կարող ենք հույս դնել մարդկանց վրա, ովքեր չունեն համապատասխան գիտելիք, ինչպե՞ս կարող է նա կառավարել մեր ներդրումները», - ասում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Կարեն Մանվելյանի կարծիքով` արգելոցի տնօրենի աշխատանքային կարեւոր պարտականություններից մեկը արգելոցում անօրինական իրականացվող որսի դեմ պայքարն է, իսկ ներկայիս փոխտնօրենը այդ աշխատանքը չի կարող անել:

«Հայաստանում բոլորը բոլորի մասին գիտեն, թե ով ում մարդն է, ով որտեղից է գալիս: Եվ այդ մարդը, ով նախկինում որսորդ է եղել, եթե ուզենա էլ պահել [արգելոցի ռեժիմը], չի կարողանա, որովհետեւ առաջինը` կրթությունը թույլ չի տա, երկրորդն էլ՝ շրջապատը: Նա չի կարող դուռ փակել շատ մարդկանց առջեւ», - շեշտում է Մանվելյանը:

Վայրի բնության հիմնադրամի եւ Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ղեկավարները նաեւ հայտնեցին, որ եթե բնապահպանության նախարարությունը, այնուամենայնիվ, չեղյալ չհայտարարի տեղի ունեցած մրցույթը, իրենք կդիմեն իրենց խորհուրդների անդամներին, որոնք մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ են:

Բնապահպանության նախարարը իր որոշման մասին կհայտնի երկու օր անց: Մինչ այդ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Մանվելյանի եւ Վերմիշյանի` նոր մրցույթ անցկացնելու պահանջը գնահատվել է որպես նրանց կողմից «իրենց վերապահված իրավասությունների գերազանցում»: Նախարարությունը հիշեցնում է վերջիններս, որ նրանք «ընդամենն այդ կազմակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, եւ օժտված չեն այդ կազմակերպությունների եւ նախարարության միջեւ հարաբերություններ վերանայելու իրավասությամբ»:

«Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաեւ որպես նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ», - ասված է հայտարարությունում:
XS
SM
MD
LG