Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործով նիստը եւս մեկ անգամ հետաձգվեց


Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը այսօր կրկին հետաձգեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը:

Դատավորը հայտարարեց, որ դատական նիստը սկսելուց քիչ առաջ ստացել է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի գրությունը այն մասին, որ նա ծանրաբեռնված լինելու պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին:

Դատավորը, սակայն, հիշեցրեց, որ նոյեմբեր ամսվա նիստերի ժամանակացույցը սահմանվել է դեռ հոկտեմբերին, փաստաբանի բացակայությունը համարեց անհարգելի եւ զգուշացրեց, որ եթե Պողոսյանը հաջորդ նիստին եւս չներկայանա, դատարանը համապատասխան սանկցիա կկիրառի նրա նկատմամբ:

Անցած երեքշաբթի նշանակված դատական նիստը եւս հետաձգվել էր ամբաստանյալներից մեկի պաշտպանի բացակայության պատճառով. Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը դատավորին գրություն էր ուղարկել, որով դատարանին խնդրել էր հետաձգել Վահե Ավետյանի մահվան գործով նիստը, քանի որ ինքը մասնակցում է մեկ այլ դատական նիստի:

Հիշեցնենք, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծի հետեւանքով գլխի շրջանում մահացու վնասվածքներ էր ստացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով միջադեպից 12 օր անց մահացավ:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG