Մատչելիության հղումներ

logo-print
1937 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի բանտում մի քանի ամիս շարունակվող անվերջ հարցաքննություններից, անլուր տանջանքից ու տառապանքից հետո վախճանվեց հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Իր կնոջը` Իզաբելային բանտից ուղարկած բանաստեղծության մեջ Չարենցը գրել է.

«Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն
Կամ լուր աղետի` թերթերում գրած»:

Չարենցը ստալինյան տեռորի միլիոնավոր զոհերից մեկն էր, տեռոր, որը միայն Հայաստանում խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը:

Բանաստեղծի մահվան օրը չարենցասերները ծաղիկներ են դնում նրա հուշահամալիրին, ապա հավաքվում տուն-թանգարանում, անցկացնում ամենատարբեր միջոցառումներ, որոնց անփոփոխ մասնակիցներից են դպրոցականները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցներից Գոհար Բազյան-Չարենցը` բանաստեղծի թոռնուհին, ասաց, որ օրը հուզիչ է բոլորիս համար. - «Հուզմունքս կրկնապատկվեց, երբ տեսա այս աշակերտությանը: Չէ՞ որ Չարենցը այս երիտասարդության մեջ էր տեսնում իր հայրենիքի, իր ժողովրդի պայծառ ապագան: Բայց, իհարկե, անսահման տխրություն է իջնում վրաս, որովհետեւ գիտեմ, թե նա ինչպիսի ծանր վիճակում էր այս օրերին»:

«Մենք արդեն տարիներ շարունակ ավանդույթ դարձրեցինք` ոչ թե որպես մահվան օր ենք նշում, այլ նշում ենք որպես հիշատակի, հավերժության օր եւ պոեզիայի տոն», - նշեց թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Թանգարանում այսօր ուշագրավ ցուցադրություն է կազմակերպվել. ներկայացվում են 1930-ականներին հայ մամուլում Չարենցի դեմ տպագրված այն նյութերը, որոնք կարծես արդեն կանխորոշում էին հալածանքներն ու հետապնդումները, որոնց պիտի ենթարկվեին բանաստեղծն ու նրա ընտանիքը:

Թանգարանում այսօր բացվեց Եղիշե Չարենցի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը թանգարանին նվիրել է կանադահայ քանդակագործ Մկրտիչ Թարակչյանը:

Թարակչյանը մասնագիտությամբ մասնագիտությամբ բժիշկ է: Երիտասարդ հասակից զբաղվում է նաեւ քանդակագործությամբ, նրա ստեղծագործությունները տեղ են գտել բազմաթիվ հայկական գաղթօջախներում:
XS
SM
MD
LG