Մատչելիության հղումներ

Նախատեսվում է Հայաստանում բացել «Ռոսգրանիցա»-ի ներկայացուցչություն


Հայաստանում Ռուսաստանի «Ռոսգրանիցա» պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցն է քննարկվել Ռուսաստանի պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակության հետ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ։

ԱԱԽ-ի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` պայմանավորվածություններ են ձեռք բերել նախատեսվող աշխատանքների իրականացման վերաբերյալ:

«Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների եւ անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան - Իրան, Հայաստան - Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները», - ասված է հաղորդագրությունում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ անվտանգության ոլորտում հայ - ռուսական համագործակցության հարցերի, այդ թվում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Վաղը նախատեսված է Արթուր Բաղդասարյանի, Դմիտրի Բեզդելովի եւ Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովի այցը պետական սահմանի տեղամասեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG