Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատները դիմելու են դատարան


Մարտի 1-ի զոհերի հարազատները մտադիր են դիմել դատարան եւ պատասխանատվության կանչել «Հայոց պատմություն» բուհական դասագրքի հեղինակներին, ովքեր, հարազատների համոզմամբ, խեղաթյուրել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները:

Այդ ողբերգական օրվա 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե դասագրքի հեղինակը` Երեւան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «աղավաղել է իրականությունը»: Հովհաննիսյանը նշեց, որ զոհերի հարազատները խորհրդակցելու են փաստաբանների հետ` որոշելու, թե ինչպես հիմնավորեն հայցը:

«Դա չլսված բան է, երբ նախաքննությունը ընթանում է, իսկ այդ թեման արդեն պատմության գիրկն է անցել: Ես լսեցի «Ազատություն» ռադիոկայանում ելույթը, Մինասյանն այնտեղ ասում է` վերցրել եմ ժամանակավոր հանձնաժողովից: Անգամ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը, որը նորից օբյեկտիվ չէ, եւ մենք դրա դեմ բողոքարկել ենք ԵԽԽՎ, անգամ այնտեղ այդ աստիճանի սուտ չկա գրված, ինչպես որ գրել է պարոն Մինասյանը հայոց պատմության դասագրքում», - վրդովված պատմեց ոստիկանների կիրառած «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից զոհվածի մայրը` շարունակելով. - «Օրինակ, գրել է «երկուստեք հրազեն են օգտագործել»: Ոչ մի ոստիկանական տեղեկատվության մեջ, ասենք, Հատուկ քննչական ծառայության հաշվետվությունները, որ իրենք ասում են, քրեական գործում այդ «երկուստեք հրաձգություն» բառը չկա: Այսինքն` տեղից խեղաթյուրված պատմություն է, ինքը վերցրել է մի հատ էլ, Բաղրամյան 26-ին դուր գալու համար, ավելի խեղաթյուրել է եւ որպես պատմություն ներկայացնում է սերունդներին»:

«Ես կարծում եմ, որ ինքը հրապարակավ պետք է ներողություն խնդրի առաջինը զոհերի ծնողներից: Ինքը չի՞ հասկանում, որ զոհերը ծնողներ ունեն, որ ծնողները ամեն ինչին հետեւում են: Ծնողներով պարտադիր պետք է դատարան քարշ տանք այդ դասագիրքը գրողներին: Պատասխանատուները պետք է դատարանում պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարեց Ալլա Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ` դասագիրքը հարկավոր է հետ կանչել բուհերից, այլապես կստացվի, որ իր դուստրը բուհ ընդունվելուց հետո սերտելու է մի դասագրքով, որտեղ հարազատ եղբոր սպանության պատմությունը խեղաթյուրված է ներկայացված:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց` եթե ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դասախոսական անձնակազմը չի անդրադառնում փաստերի նմանօրինակ աղավաղումներին, ապա այն կարելի է ուղղակի համարել «կեղծիքների ֆակուլտետ». - «Որովհետեւ այն, ինչ ինքը ներկայացրել է, դա ներկայացրել է փաստացի սուտ: Իսկ բոլորի աչքի առաջ սուտ փաստեր ներկայացնելը սազական չէ բուհական համակարգին»:

Ավելին` Քոչարյանի կարծիքով, այսպիսի դասագրքի հրատարակումից հետո Մարտի 1-ի գործով նախաքննական մարմինը պետք է հարցաքննության կանչի Պատմության ֆալուլտետի դեկանին:

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, որ դասագրքում իրադարձությունները այդպես են ներկայացվել հեղինակի նախաձեռնությամբ. - «Եթե հեղինակի նախաձեռնության արդյունքում այսպիսի պատմիչներ են դոկտորի կարգավիճակով դասավանդում մեր բուհերում, մեր բուհերը կարելի է գնահատել ողբալի վիճակում»:

Հարցին, թե արդյո՞ք հեղինակը որոշակի հանձնարարություն է կատարել, նա պատասխանեց. - «Հենց այնպես պարոն Մինասյանը ինչո՞ւ պետք է այդպիսի բան աներ: Գիտակից մարդը, եթե այդպիսի բան է գրում, պետք է հասկանա` որտե՞ղ են իր փաստացի նյութերը: Երբ ասում է, որ ցուցարարները օգտագործում են հրազեն, որեւէ փաստ ո՞ւնի, այդպիսի բան նախաքննական մարմինը չունի: Եթե այդպիսի բան է գրել, ես կարծում եմ, որ այսօրվա նախաքննական մարմինը պետք է կանչի պարոն Մինասյանին եւ հարցաքննի: Գուցե պարոն Մինասյանն այնպիսի բաներ գիտի, որ մեր հանրությունն էլ, երեւի, տեղյակ չէ: Սա շատ լավ նյութ է նաեւ նախաքննական մարմնի համար` պարոն Մինասյանին հարցաքննելու եւ ճշտելու` որտեղի՞ց իրեն այդպիսի տվյալներ: Եթե կան, ապա դա հնարավորություն կտա, որպեսզի այդ մեռյալ կետից քրեական գործը ունենա առաջխաղացում»:

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, կարծում է, որ դատարանի միջոցով դասագրքի հեղինակներին պատասխանատվության կանչելու նախաձեռնությունը որեւէ հեռանկար չունի: Հեռանկար կարող էր ունենալ, երբ ժողովուրդը փողոցում դեռ կարողանում էր պարտադրել իշխանություններին, որպեսզի նրանք գոնե հնարավորություն ստեղծեին Մարտի 1-ը բացահայտելու համար:

Իսկ այսօր, նրա ձեւակերպմամբ, չկա այն քաղաքական բարենպաստ իրավիճակը, որը կստիպի իշխանություններին գնալ բացահայտումների:
XS
SM
MD
LG