Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ


Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը:

Նախագահի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Մինչ այդ նա այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղկեպսակ դրել հուշարձանին:

Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռեւս անբավարար են:

Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Նաջիբ Միկաթին ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որը, կողմերի համոզմամբ, կարող է լուրջ խթան հանդիսանալ առեւտրաշրջանառության ցուցանիշների բարելավման, ներդրումների խթանման, Հայաստանի եւ Լիբանանի գործարար շրջանակների միջեւ առավել սերտ կապերի հաստատման համար: Փոխգործակցության զարգացման տեսանկյունից հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպմանը քննարկվել է նաեւ համատեղ Առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափարը:

Օրվա ավարտին ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG