Մատչելիության հղումներ

logo-print
Աշխատանքային օրենսգրքի գիտակ իրավաբանները հայտնում են, որ աշխատողների իրավունքները Հայաստանում ոտնահարվում են հազարավոր գործատուների կողմից, եւ հաճախ աշխատանքային հարաբերությունների սկիզբը նշանավորվում է աշխատողի իրավունքի առաջին խախտմամբ, երբ ուշ է կնքվում պայմանգիր կամ առհասարակ չի կնքվում:

«Հաճախ, երբ աշխատողը իրազեկ է, որ պիտի ունենա գրավոր աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման հրաման, միեւնույնն է, երբ գտնում է աշխատանք եւ գործատուն առաջարկում է կնքել բանավոր պայմանագիր, ինչպիսի հասկացություն օրենսդրության մեջ չկա, կամ սահմանում է փորձաշրջան, նա համաձայնվում է՝ իմանալով, որ հենց առաջին օրվանից պետք է ունենա գրավոր համաձայնագիր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Թրանսփերնսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Դժվարությամբ գտած աշխատանքը չկորցնելու համար աշխատողները աշխատում են ոչ միայն ուշ կնքված պայմանագրերով, այլեւ առհասարակ առանց պայմանագրերի:

«Շատ որոլտներում՝ սպասարկման ոլորտում, ծառայությունների, շինարարության ոլորտում թաքնված աշխատանքի տոկոսները շատ ավելի մեծ են», - նշեց Տիգրանյանը:

«Աշխատողին պաշտպանելու համար մենք ոչինչ չենք կարող անել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Շինարարների եւ շինանյութի արդյունաբերության հանրապետական արհմիության նախագահ Ալֆրեդ Բաբայանը` փաստելով, որ իսկապես շինարարության ոլոտում շատ կան ստվերային աշխատողներ. - «Բանվորին կանչում են, ասում են՝ ես քեզ ամսական այսքան աշխատավարձ կտամ, ուզում ես աշխատիր, չես ուզում, մի աշխատիր: Շատ բանվորներ մնում են ստվերում առանց պայմանգրի»:

Այս արհմիությունն ունի անդամավճար վճարող մոտ 10 հազար անդամ, բայց, ըստ նախագահի` ոչ մի լծակ իր անդամների պաշտպանելու համար: Ավելի քան 40 տարի ոլորտում աշխատած Ալֆրեդ Բաբայանը համաձայն է, որ Հայաստանում այսօր արհմիությունները ոչ մի լուրջ գործառույթ չեն իրականացնում:

Ալֆրեդ Բաբայանը պատմեց մի դեպք, երբ արձակուդային վճար չստացած բանվորը դիմել էր իրենց, իրենք կապվել էին շինարարական ընկերության հետ ու պահանջել վճարել արձակուդայինը: Բանվորին վճարել էին, ապա հեռացրել աշխատանքից:

Ո'չ նշված, ո'չ այլ դեպքերում խախտված իրավունքները վերականգնելու համար դատարան դիմելը, ըստ Ալֆրեդ Բաբայանի, ավելորդ է:

«Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածով ցանկացած գործատու կարող է հիմնավորել, թե ինչու է աշխատանքից ազատել [աշխատողին]: Ամեն ինչ կարող է արվել այդ հոդվածով, եւ ոչ ոք չի կարող պաշտպանել այդ մարդու իրավունքները», - նշեց նա: Աշխատանքային օրեսգրքի 113 հոդվածը վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելուն:

Փաստաբան Էլեն Մանասերյանը, ով զբաղվում է հիմնականում քաղաքացիական գործերով, կարծում է, որ աշխատողը անպայման պետք է դիմի դատարան ու նկատում է, որ աշխատանքային հարաբերություններին վերաբերող դիմումները վերջին շրջանում մի փոքր ավելացրել են, եւ շատերը կարողացել են վերականգնել իրենց խախատված իրավունքները:

Ըստ Էլեն Մանասերյանի՝ ավելի լուրջ խնդիր է այն, որ մարդիկ պարզապես չգիտեն իրենց աշխատանքային իրավունքները:

«Հասարակության մեջ մենք ունենք իրավագիտակցության բարձրացման լուրջ խնդիր, հատկապես աշխատանքային իրավունքների, որովհետեւ դա բոլորիս է վերաբերում», - ասաց նա եւ հավելեց, որ այսօր դատարան դիմում են այն մարդիկ, որոնց իրավագիտակցության մակարդակը փոքր-ինչ բարձր է, ունեն որոշակի կրթություն եւ գիտակցում են, որ կարող են իրենց աշխատանքային իրավունքները վերականգնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG