Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երեւանում անցկացվելիք 17-18 տարեկան երիտասարդների բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ ադրբեջանական 12 հոգանոց պատվիրակությունը մյուսներից առանձին կբնակվի:

«Դա ե'ւ իրենց, ե'ւ մեր ցանկությունն էր: Ադրբեջանցիների ե'ւ բնակավայրը, ե'ւ կշեռքը, ե'ւ մարզումների վայրը մեկուսացված կլինեն մյուսներից, նրանք մյուս թիմերի հետ շփում չեն ունենա: Նրանց միայն կարող եք տեսնել մրցամարտերի ժամանակ», - ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը:

Դերենիկ Գաբրիելյանը չնշեց նույնիսկ, թե որտեղ է ապրելու ադրբեջանական պատվիրակությունը, Երեւանո՞ւմ, թե՞ Երեւանից դուրս:

Նա նշեց, որ նույն կերպ մեկուսացված, առանձին հյուրանոցում էին ապրում Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ. - «Քանի որ Ռուսաստանի հավաքականում երկու ազգությամբ հայ մարզիկներ կային, այդ պատճառով նրանց եւ մեզ մեկուսացրել էին»:

Հիշեցնենք, որ չնայած անվտանգության ապահովման այդ միջոցներին, անցյալ տարի Բաքվում աշխարհի առաջնությանը, երբ մարտի էր դուրս եկել հայ բռնցքամարտիկը, մի խումբ անձինք ներխուժել էին դահլիճ եւ քարեր ու այլ իրեր նետել նրա վրա: Մրցամարտը դադարեցվել էր, հայ բռնցքամարտիկը եւ մրցավարական կազմը լքել էին դահլիճը:

Հավելենք նաեւ, որ Երեւանում առաջնությանը մասնակցելու համար հայկական կողմը ադրբեջանցի բռնցքամարտիկներին անվտանգության գրավոր երաշխիք է տվել:

Ընդհանուր առմամբ աշխարհի 17-18 տարեկան երիտասարդների բռնցքամարտի առաջնությանը կմասնակցի 68 երկիր: Առայժմ Հայաստան են ժամանել 55 երկրների ներկայացուցիչներ:

Հայկական թիմը առաջնությանը մասնակցելու է բոլոր 10 քաշային կարգերում` մեկական մարզիկով:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի ձեւակերպմամբ` բավականին կայուն թիմ ունենք եւ առնվազն մեկ ոսկե մեդալի ակնկալիք:

Առաջնության բյուջեն 320 մլն դրամ է: Մարտերը կսկսվեն նոյեմբերի 29-ից, մուտքն անվճար է:
XS
SM
MD
LG