Մատչելիության հղումներ

Կատալոնիայի անկախության կողմնակիցները հաջողության են հասնում


Իսպանիա - Կատալոնիայի գործող վարչապետ, «Համակեցություն եւ միություն» շարժման ղեկավար Արտուր Մասը Բարսելոնայում կայացած ասուլիսի ժամանակ, 25-ը նոյեմբերի, 2012թ.
Իսպանիա - Կատալոնիայի գործող վարչապետ, «Համակեցություն եւ միություն» շարժման ղեկավար Արտուր Մասը Բարսելոնայում կայացած ասուլիսի ժամանակ, 25-ը նոյեմբերի, 2012թ.

Չնայած դրան, որոշ վերլուծաբաններ քիչ հավանական են համարում տեսանելի ապագայում հանրաքվեի անցկացումը։

Կատալոնիայի անկախության գաղափարը գնալով ավելի իրական է դառնում: Կիրակի օրը կայացած տեղական խորհրդարանի արտահերթ ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ Իսպանիայի կազմում գտնվող այս ինքնավար մարզի բնակիչների շրջանում անկախական գաղափարները գնալով ավելի լայն տարածում են ստանում:

Քվեների նախնական հաշվարկի արդյունքում 135-տեղանոց օրենսդիր մարմնի մանդատներից 50-ը անցնում են Կատալոնիայի գործող վարչապետ Արտուր Մասի չափավոր ազգայնական «Համակեցություն եւ միություն» շարժմանը:

Կիրակնօրյա ընտրությունների իրական հաղթողը, սակայն, անկախացման օգտին շատ ավելի կտրուկ դիրքերից հանդես եկող Ձախ հանրապետական կուսակցությունն էր, որը կրկնապատկեց իր ներկայությունը կատալոնական խորհրդարանում` քաղաքական այս ուժը 21 պատգամավոր կունենա:

Քվեարկության ավարտից հետո Կատալոնիայի վարչապետ Արտուր Մասը հայտարարեց. - «Ժողովուրդն արտահայտեց իր տեսակետը, եւ մենք պարտավոր ենք այն հարգել: Մենք ընդունում ենք Կատալոնիայի ժողովրդի այս որոշումն իր բոլոր հետեւանքներով հանդերձ»: «Ընդունում ենք նաեւ այն իրողությունը, որ ապագա կառավարությունը ձեւավորելու ժամանակ քաղաքական այլ ուժեր եւս պետք է մեզ հետ միասին պատասխանատվություն ստանձնեն», - հավելեց կատալոնական կառավարության ղեկավարը` ակնարկելով ծայրահեղ անկախականների հետ հնարավոր կոալիցիայի ձեւավորման հավանականության մասին։

Ձախ հանրապետական կուսակցության առաջնորդ Օրիոլ Ժունգերասը Բարսելոնայում ունեցած ելույթում, իր հերթին, պնդում էր. - «Կատալոնիայի ժողովուրդն արտահայտեց իր կամքը` միանշանակորեն հանդես գալով անկախացման գործընթացի շարունակության օգտին»:

Այսպիսով, անկախության հանրաքվեի անցկացման կողմնակիցները նորընտիր կատալոնական խորհրդարանում մանդատների կեսից ավելին են ունենալու: Չնայած դրան, որոշ վերլուծաբանների կարծիքով, տեսանելի ապագայում հանրաքվեի անցկացումը քիչ հավանական է` Իսպանիայի կենտրոնական կառավարության եւ Եվրամիության կառույցների կոշտ հակազդեցության պատճառով:

Պաշտոնական Մադրիդն արդեն հայտարարել է, որ անկախության հանրաքվեի գաղափարն իսկ հակասում է իսպանական Սահմանադրության դրույթներին:

Բրյուսելցի պաշտոնյաներն էլ զգուշացրել են` անկախացման դեպքում Կատալոնիան չի համարվի Եվրամիության անդամ, դուրս կբերվի եվրոյի եւ Շենգենյան վիզային գոտուց:

Բարսելոնայում, սակայն, համոզված են` Եվրամիությունը կոպիտ սխալ կգործի` մեկուսացնելով Իսպանիայի ամենահարուստ մարզը համարվող Կատալոնիան։

Ընտրություններից մի քանի օր առաջ Կատալոնիայի վարչապետ Արտուր Մասը Բրյուսել կատարած այցի ժամանակ նշում էր. - «Անկախացման դեպքում Կատալոնիան կդառնա Եվրամիության բյուջեն համալրող պետություներից մեկը: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով Կատալոնիան Եվրամիության պետությունների թվում յոթերորդ տեղում է լինելու անկախություն ստանալու դեպքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG