Մատչելիության հղումներ

Սեւանա լճի էկոլոգիական վիճակը անհանգստացնում է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանին: Խնդիրները, ըստ նրա, շատ են, իսկ կառավարության ծրագրերը` ոչ արդյունավետ:

Վերջին 10 տարում Սեւանը բարձրացել է 3 մետրով, ջրի տակ թողնելով ծառեր, շինություններ: Զառաֆյանը նշում է, որ վերջին այցելության ժամանակ ջրի տակ տեսել են ոչ միայն բազմաթիվ ծառեր, կոճղեր, այլեւ գործարան, տնակներ, տարբեր շինություններ:

«Սեւանի էկոհամակարգին ոչ միայն ջրի տակ անցած եւ դեռեւս չմաքրված ափամերձ տարածքներն են վնաս հասցնում, այլեւ այն աղբը, որ գետերի միջոցով լցվում է լիճ: Բացի կոյուղաջրերից, Սեւան է լցվում նաեւ պլաստիկ աղբ, արտադրական թափոններ», - ասում է Զառաֆյանը:

Բնապահպանի կարծիքով՝ ճնշումը Սեւանի վրա տարեցտարի ավելանում է: Լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության նախաձեռնությունը հիմնավորված չէր եւ արդյունքում Սեւանի մակարդակը մի քանի սանտիմոտրով իջել է. - «Մենք կողմ ենք, որ Սեւանա լճի մակարդակը բարձրանա, միայն դա է փրկությունը: Շատ ենք վախենում, որ հանկարծ որոշում չլինի ու էլի իջեցվի»:

Նույն խնդրին անդրադարձավ նաեւ Տարածքային հետազոտությունների զարգացման կենտրոնի նախագահ Սաթենիկ Բադեյանը: Ըստ նրա՝ Սեւանի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, ինչն այսօր բացակայում է: Ոլորտին հատկացված գումարները, Բադեյանի համոզմամբ, ճիշտ եւ արդյունքվետ չեն կառավարվում. - «Անթույլատրելի չափաքանակով ջուր ենք բաց թողնում, բոլորովին հաշվի չենք առնում, որ շուտով եթե լիճը ճահճանա, ոռոգման համար էլ պիտանի չի լինելու: Այն վայրենությունը, որ կատարվեց ձկնային պաշարների հետ, այժմ կատարվում է ջրային պաշարների հետ»:

«Ամեն տարի մեծ գումարներ են ծախսվում, լիճ է լցվում մեծ քանակությամբ մանրաձուկ, սակայն՝ անիմաստ: Ստացվում է, որ պետությունը այդքան գումար է ծախսում որսագողերի համար», - ասում է ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բաղդուղ Գաբրիելյանը եւ հավելում, որ պատշաճ պահպանություն պետք է իրականացվի, բարելավվի գետերի վիճակը, որտեղ ձկները ձվադրում են կատարում:

Գաբրիելյանը, ինչպես նաեւ բնապահպանները նշում են, որ եթե հարակից գյուղերի բնակիչների համար ստեղծվեն աշխատատեղեր, ապա որսագողությունը շեշտակիորեն կնվազի:
XS
SM
MD
LG