Մատչելիության հղումներ

«Քաղաքական պայքարն անցնում է հասարակության հիասթափության ֆոնին»


Կարապետ Ռուբինյան, արխիվ

Կարապետ Ռուբինյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի համոզմամբ, նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարն անցնում է հասարակության հիասթափության ֆոնին, քանի որ «հիմնական մրցակիցները թայֆայական առեւտրի մեջ են»:

«Նախընտրական շրջանում ենք, որը ունի իր յուրահատկությունները, ինչպես եւ բոլոր մնացած նախագահական ընտրություններն են եղել։ Էս անգամ յուրահատկությունը այն է, որ ընտրությունները անցնելու են հասարակության հիասթափության ֆոնի վրա, մյուս կողմից նաեւ` նույն հասարակության բավականին ծանր տնտեսական, սոցիալական վիճակի ֆոնի վրա», - ասաց Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Հասարակությունը, իհարկե, սպասում է իր խնդիրների լուծմանը, բայց եկեք մի պահ հենց էդ հասարակության աչքով նայենք տեղի ունեցածին», - շարունակեց Ռուբինյանը` մանրամասնելով. - «Բնակչության վիճակից համարյա խոսող չկա` անընդհատ ինչ-որ բանսարկությունների մասին է խոսքը, ինչ-որ անհեթեթ թեկնածուների, Մոսկվայի կամ այլ մայրաքաղաքների կողմից ընդունելի լինելու-չլինելու մասին է խոսքը։ Ըստ էության, երկրի ճակատագրի մասին չի խոսքը, այլ ոնց որ թե ինչ-որ հիմնական մրցակիցները թայֆայական առեւտրի մեջ են էս պահին»։

Նրա համոզմամբ` հասարակության հիասթափության պատճառը նախորդ նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումներին են: Թե ինչ ի նկատի ունի դա ասելով` Ռուբինյանը այդ առնչությամբ նշեց. - «Մանրամասնել չէի ցանկանա` բոլորին է հայտնի, կարճ պատասխանը հետեւյալն է, որ ի վերջո չհաջողվեց, որպեսզի ձերբազատվենք քրեաօլիգարխիկ ռեժիմից, եւ էս պահի դրությամբ նաեւ որեւէ հույս ներշնչող ուժ չկա, որը նույն բանը կխոստանա, որ կանի, կամ կկազմակերպի»։

«Եթե փորձենք կանխատեսումներ անել, ի՞նչ եք սպասում` նախագահական ընտրություններին, ընտրություններից հետո», - այս հարցին Կարապետ Ռուբինյանը արձագանքեց. - «Ճիշտն ասած, էս պահի դրությամբ ոչ մի հուսադրող բան չեմ տեսնում։ Արդեն ասացի, որ հիմնական պայքարը միջկլանային պայքար է սպասվում, որեւէ նոր ուժ, որը կհամախմբի քաղաքականապես ակտիվ ժողովրդին, եթե հայտնվի էլ, ապա չի հասցնի ուղղակի էդ գործը կատարել։ Ուրեմն, սպասումներս բավականին հոռետեսական են»։
XS
SM
MD
LG