Մատչելիության հղումներ

Արոնյանը պատրաստվում է լոնդոնյան մրցաշարին


Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը Հայաստանի թիմի մյուս անդամների հետ Երեւանի Ազատության հրապարակում տոնում են հաղթանակը 2012 թվականի Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, 10-ը սեպտեմբերի, 2012թ.

Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը Հայաստանի թիմի մյուս անդամների հետ Երեւանի Ազատության հրապարակում տոնում են հաղթանակը 2012 թվականի Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, 10-ը սեպտեմբերի, 2012թ.

Լեւոն Արոնյանը կմասնակցի Լոնդոնում դեկտեմբերի 1-10-ը կայանալիք London Chess Classics-ին: Մրցաշարում, որը անցկացվելու է արդեն չորրորդ անգամ, ուժերը կչափեն անգլիացի եւ աշխարհի ուժեղագույն շախմատիստները:

Մրցաշարի մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Յուդիթ Պոլգարը եւ այլոք, սակայն ինքը Արոնյանը սպասում է նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ մրցամարտին, ով, Արոնյանի խոսքով, շատ է ուզում հաղթել մրցաշարում եւ ում դեմ խաղալը նա վերջին տարիներին ամենադժվարն է համարում:

Մեկ ամիս մրցաշարին պատրաստվել է Հայաստանում, իր խոսքով՝ ֆիզիկական եւ շախմատային պատրաստվածությունը լավն է:

Արոնյան - Կարլսեն մրցամարտին սպասում են նաեւ London Chess Classics-ում: Մրցաշարի կայքը գրում է. - «Շախմատային հանրությունը ակնկալում է, որ շախմատային գերակայության համար պայքարը Արոնյան - Կարլսեն մրցամարտն է լինելու, քանի որ հանրահայտ հայը փորձելու է ավարտել տարին այնպես, ինչպես սկսեց այն՝ հաղթանակով»:

Հիշեցնենք, 2012-ի հունվարին Արոնյանը ճանաչվեց հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող գերմրցաշարի հաղթող: Կարլսենը այդ ժամանակ երրորդն էր:

Նշենք նաեւ, որ երեկ պաշտոնապես ներկայացվել է շախմատիստի մոր՝ Սեդա Արոնովա-Ավագյանի գիրքը՝ «Լեւոն Արոնյան» վերնագրով, որը պատմում է որդու մանկության, պատանեկության եւ շախմատային ճանապարհի մասին:

«Սկզբում ավելի շատ թաքուն էր գրում, հետո ասաց ինձ այդ մասին: Մտածում էր, որ ես կարող եմ ասել, որ պետք չէ, բայց ես շատ ուրախ էի, քանի որ իր աշխատանքի, զոհաբերության մասին ոչ ոք չգիտեր, եւ կարծում եմ, որ ծնողները, ովքեր կկարդան այդ գիրքը, կհասկանան, որ դժվարությունները պետք է հաղթահարել, եթե ուզում ես, որ քո զավակը հաջողության հասնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեւոն Արոնյանը:

Գիրքը գրվել է մոտ մեկ տարվա ընթացքում: Արոնյանը նշեց, որ այնտեղ իրադարձություններ կան, որոնք ինքը նույնիսկ դժվարությամբ էր հիշում. - «Օրինակ, գրքում անուն առ անուն հիշատակված են այն մարդիկ, ովքեր գալիս էին Շախմատի տուն, դիտում էին իմ խաղը, երբ դեռ փոքր էի, ոչ թե ապրում էին Շախմատի տանը, բայց նման մի բան: Հաճելի էր կարդալ եւ վերհիշել այդ ամենը»:

Գիրքը ներկայացնում է մինչեւ 30 տարեկան Լեւոնի անցած ուղին: Այն ռուսերեն է եւ լույս է տեսել 3 հազար տպաքանակով:

Սեդա Արոնովա-Ավագյանը մտադիր է եւս մեկ գիրք հրատարակել, որը ավելի շատ կպատմի Լեւոն Արոնյան գրոսմայստերի մասին:
XS
SM
MD
LG