Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարությունում այսօր անցկացվեց «Խոսրովի անտառ» արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը:

Արգելոցի նախկին տնօրեն Վարանցով Բարսեղյանի աշխատանքից ազատումից հետո հոկտեմբերի 18-ին նախարարությունը հայտարարել էր նոր մրցույթ, որի վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն էր:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտնեց, որ պահպանել են մրցույթն անցկացնելու օրենքով պահանջվող ընթացակարգը ու գործել են թափանցիկ:

«Հայտարարությունը տրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, տեղադրվել է նախարարության կայքում, հայտարարվել է լրատվամիջոցներով: Ես անգամ երիտասարդ ակտիվիստներին հորդորել եմ, որ եթե ունեն թեկնածու, ներկայացնեն», - հայտնեց նախարարը:

Մրցույթին հայտ ներկայացրած երեք թեկնածուներից ներկայցրել էր միայն մեկը՝ Գաբրիել Պողոսյանը, ով արդեն մեկ ամիս աշխատում է որպես արգելոցի տնօրենի տեղակալ: Այսօրվա մրցույթի քննությանը նա հավանական 100 միավորից ստացավ 80-ը:

Հանձնաժողովի անդամների եւ նախարարի տպավորությունը թեկնածուից ընդհանուր առմամբ բացասական չէր, թեեւ նա մի շարք հարցերի պատասխանեց թերի:

Նախարարին հարցրինք, թե ինչպիսի թեկնածուի կցանկանար տեսնել մրցույթին:

«Ունենք այն, ինչ ունենք: Ես դեռեւս երեք օր ժամանակ ունեմ որոշում կայացնելու: Այսօրվա թեկնածուի հետ ես ունենալու եմ հանդիպումներ, բարձրացնելու ենք խնդիրները, ես դնելու եմ պահանջները եւ լինելու եմ խիստ, լինելու է նաեւ հանրային հսկողություն: Այսքանից հետո նա իր որոշումը պետք է կայացնի»,- պատասխանեց Արամ Հարությունյանը:

Արգելոցի տնօրենի թեկնածու Գաբրիել Պողոսյանը հանդիսանում է նաեւ Արտաշատ քաղաքի ավագանու անդամ, ինչի մասին կարելի է տեղեկանալ Հայաստանի համայնքային կառավարման տեղեկատվական կայքից, որտեղ նաեւ նշված է, որ նա Հանրապետական կուսակցության անդամ է եւ ունի միջին մասնագիտական կրթություն: Այնինչ մրցույթի ժամանակ հայտնեցին, որ նա անկուսակցական է եւ ունի բարձրագույն կրթություն: ԲՈՒՀ-ի դիպլոմի պատճենը կցված էր նրա հայտին:

Բնապահպան ակտիվիստները, որոնք ստեղծել են «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն եւ սեպտեմբերի վերջին արգելոցում հայտարարել էին արգելված կենդանիների որսի հետքեր, հայտնում են, որ նախարարության կայքից ծանոթ են Գաբրիել Պողոսյան թեկնածուին եւ կարծում են, որ նա չունի համապատասխան կրթություն եւ որեւէ կերպ չի առնչվում ոլորտին:

«Ակնհայտ երևում է, որ ցանկանում են «իրենց մարդուն» դնեն», - մեզ հետ զրույցում ասաց ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը ավելացրեց, որ նախարարությունը չի փորձել փնտրել լավագույն թեկնածուին, փոխարենը այդպիսի աշխատանք իրենք են անել՝ դիմելով բոլոր հավանական հաստատություններին, որոնք կարող էին առաջարկել հարմար թեկնածուների: Ակտիվիստների խոսքով՝ երկար փնտրելուց հետո, գտել են երեք թեկնածուի, երբ արդեն լրացրել են դիմումների ընդունման 21 օրը:

Նախարարությունից նրանց առաջարկել հայտերը բերել վերջնաժամկետի լրացումից հետո:

«Բնապահպան ակտիվիստները մինչեւ օրս որեւէ օրենք չեն խախտել, այժմ էլ չենք փորձի օրենք խախտել», - հայտնում է Մերի Խաչատրյանը:

Նրանք խնդրել են երկարաձգել հայտերի ընդունման ժամկետը, ինչից հրաժարվել է նախարարությունը, եւ արդյունքում այն թեկնածուները, որոնք ցանկանում էին սատարել ակտիվիստները, չեն ներկայացրել հայտեր:

Երեք օրվա ժամկետի ընթացքում նախարարը կկայացնի որոշում, եւ կնշանակվի արգելոցի տնօրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG