Մատչելիության հղումներ

«Ժառանգության» ղեկավարի այցը Բաքու ուղեկցվում է սկանդալով


Ադրբեջան -- Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Բաքու, 22-ը նոյեմբերի, 2012թ․

Ադրբեջան -- Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Բաքու, 22-ը նոյեմբերի, 2012թ․

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու ավարտվեց սկանդալով: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ մի քանի ժամ առաջ Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողվի ավարտին, երբ ընթերցվում էր կոնֆերանսի ամփոփիչ հայտարարությունը, «Ժառանգության» առաջնորդը մոտեցել է ամբիոնին եւ արտահերթ ձայնի իրավունք խնդրել: Այն բանից հետո երբ նա մերժում է ստացել, ըստ «Թուրան» գործակալության, դահլիճում վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Հովհաննիսյանին այդպես էլ ելույթի հնարավորություն չի ընձեռվել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հովհաննիսայնի վրդովմունքի պատճառը փաստաթղթում տեղ գտած Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթն էր: «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, «Արմինֆո» գործակալությանը փոխանցել է, որ իրականում վիճաբանության պատճառն այլ է եղել:

«Հովհաննիսյանի ելույթը օրակարգում նախատեսված էր, սակայն ընթացակարգը խախտվել է, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ», - նշել է կուսակցության ներկայացուցիչը:

Նշենք, որ իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ լարվել էր դեռ առավոտյան, երբ ադրբեջանական պատվիրակության մի շարք անդամներ հանդես եկան կոշտ հայտարարություններով:

Հակադարձելով «Ժառանգության» ղեկավարի Բաքվում արած այն պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել է․ - «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»:

Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության ղեկավար Ասիմ Մոլլազադեն ըստ էության հակադարձելու փոխարեն կրկին խոսել է Խոջալուի դեպքերի մասին:

Իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է․ - «Պատմականորեն Ադրբեջանը բավական մեծ տարածքներ է ունեցել, սակայն եթե այսօր մենք սկսենք դրանք ետ պահանջել, ապա աշխարհում քաոս կսկսվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG