Մատչելիության հղումներ

ԼՂ հարցով նախագահների բանակցություններ առաջիկա ամիսներին չեն սպասվում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ձախից աջ) Դեսպան Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ), Իգոր Պոպով (Ռուսաստան) եւ Ժակ Ֆոր (Ֆրանսիա)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ձախից աջ) Դեսպան Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ), Իգոր Պոպով (Ռուսաստան) եւ Ժակ Ֆոր (Ֆրանսիա)

Հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունները վարվելու են արտգործնախարարների մակարդակով:

Ղարաբաղյան հարցի հետ կապված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկա ամիսներին հանդիպում չի սպասվում, հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունները վարվելու են արտգործնախարարների մակարդակով:

Այսօր Երեւանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո, այդ մասին հայտնեց ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ղարաբաղյան խնդրի առնչությամբ առաջիկայում սպասվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, Պոպովը նշեց. - «Գիտեք, ներկայումս բանակցություններ են ընթանում արտգործնախարարների մակարդակով: Կարծում ենք, որ այդ գործընթացը առայժմ` գոնե առաջիկա ամիսներին, կընթանա նախարարների մակարդակով»։

Ռուսաստանցի համանախագահը հավելեց, թե դժվար է ասել ինչ նորություններ կլինեն առաջիկայում: - «Եկեք սպասենք, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշեց Պոպովը:

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ասաց, թե իրենք Երեւանում չեն եղել այս տարվա հուլիսից, ուստի շատ բան կա քննարկելու:

«Մեր այս այցի նպատակն է տեսնել, թե ինչ ընթացք են ստացել հոկտեմբերին [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հանդիպմանը ներկայացված գաղափարները», - նշեց Բրադկեն:

Հայաստանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին եւ սրում են իրավիճակը տարածաշրջանում։

Զրուցակիցները քննարկել են նաեւ դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչին Ստեփանակերտում ընդունել էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ու արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Իսկ Երեւանից համանախագահները կմենկնեն Բաքու, ուր երկուշաբթի օրը նախատեսված է նրանց հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ: Տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG