Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախագահների անվտանգության խնդիրներով զբաղվող Պետական պահպանության ծառայության աշխատակիցների մեքենայի վրա կրակելու մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատվում են. Ոստիկանությունը «սպանության փորձ» կատարելու ի եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել է 49-ամյա մի քաղաքացու:

Ինչպես տեղեկացանք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի գիշերը ժամը մեկի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին՝ Ծովակալ Իսակովի պողոտայում, երբ ՊՊԾ աշխատակիցները ծառայությանը պատկանող «Վազ 2121» մակնիշի («Նիվա») ավտոմեքենայով սլանալիս են եղել օդանավակայան` անվտանգության հետ կապված իրենց պարտականությունները կատարելու համար, Կոնյակի գործարան չհասած «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայից կրակոց է արձակվել իրենց մեքենայի ուղղությամբ: Ըստ ոստիկանության, «Օպելը» շարժվել է Պահպանության ծառայության աշխատակիցների մեքենային համընթաց, կրակոցն արձակվել է 5 մետր հեռավորությունից, գնդակը ներս չի թափանցել, կպել է «Նիվա»-ի զրահապատ դիմապակուն եւ հետ գնացել: Ծառայության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Կրակոց արձակելուց հետո «Օպելը» հեռացել է։ Ավելի ուշ ոստիկաններն այն հայտնաբերել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ: Մեքենայի մեջ հայտնաբերվել են վարորդի փաստաթղթերը, հետո նա բերման է ենթարկվել:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, «Նիվա»-ի վրա կրակած քաղաքացին եղել է խիստ հարբած վիճակում, պատկերացում չի ունեցել, թե ում է պատկանում այդ մեքենան, կարծել է` մեքենայի մեջ գտնվողները իրեն հետապնդում են: Կրակողը վիրավոր է, նրա ձախ ոտքի շրջանում կա հրազենային վնասվածք։ Ոստիկանության վարկածի համաձայն, ինքն է պատահաբար իր վրա կրակել։

«Մարդը, որ իր ձեռքի ատրճանակը չկարողանա այնպես օգտագործել, որ իրեն կրակի, ինքն էլ ստանա վնասվածք, ձեռքի անկանոն շարժումներով իրեն էլ վնասի. ինչի մասին է խոսքը», - ասում է Նազարյանը:

Իրավապահները նրան բերման ենթարկելուց հետո տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ոստիկանության տեղեկատվության համաձայն, այդ անձը Էջմիածնի բնակիչ է, տառապում է երեւանյան հիվանդությամբ, ինչի պարագայում ալկոհոլը հակացուցված է: Նա ընդունել է մեղքը, սկզբում հայտնել է, որ չի հիշում ինչ է տեղի ունեցել իր հետ: Այնուհետեւ ցուցմունք է տվել այն մասին, որ այդ օրը մինչ դեպքը մի մեքենայի է հարվածած եղել. դիմել է փախուստի, եւ երբ քաղաքի այդ հատվածում տեսել է իրեն նախազգուշացնող ազդանշան տվող այս «Նիվա»-ն, կարծել է, թե վթարված մեքենայի տերն է իրեն փորձում բռնել, որից հետո հանել է ատրճանակը եւ կրակել «Նիվա»-ի վրա` վախեցնելու նպատակով: Ըստ Ոստիկանության, նա հայտնել է, որ հրազենային վնասվածք է ստացել իր իսկ կրակոցից՝ ատրճանակը մեքենայի նստատեղին դնելու պահին:

Ինչ վերաբերում է ատրճանակին. «Մակարով» տիպի ատրճանակը այս անձի մոտ եղել է ապօրինի: Պաշտոնական տեղեկություններով դեպքի հաջորդ օրը նրա կինն է այն բերել հանձնել ոստիկանություն, ասելով, թե զենքը հայտնաբերել է իրենց տան մոտ փողոցում դրված աղբամանի մեջ:

Այսօր առավոտից այս միջադեպի մեծ հնչեղություն ստանալու պատճառը մամուլի հրապարակումներն էին այն մասին, թե կրակոցն արձակվել է Հայաստանի նախագահի թիկնազորի մեքենայի վրա, որը շտապելիս է եղել օդանավակայան: Սակայն Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը մեզ փոխանցեց, որ ո՛չ նախագահի թիկնազորը, ո՛չ նախագահին սպասարկող ավտոմեքենաները որեւէ առնչություն չունեն նման միջադեպին: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւս ասաց` «նախագահի շարասյան հետ կապ չունի բացարձակ»:

Միջադեպի այլ մանրամասները կպարզվեն նախաքննության արդյունքում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG