Մատչելիության հղումներ

logo-print
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։

Այս տարվա հեռուստամարաթոնը կրում էր «Մեր գյուղը» խորագիրը, այն հեռարձակվում էր Լոս Անջելեսից:

Հանգանակված գումարը կհատկացվի Ղարաբաղի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության խնդիրների լուծմանը:

Հեռուստամարաթոնում ելույթ է ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով կարեւորել է ամեն տարի հանգանակված գումարի ազդեցությունը արցախահայության կյանքի բարելավման վրա։

«Այսօր Արցախում ապրող հայությունը որեւէ բանով իր սոցիալական վիճակի մեջ հետ չի մնում տարածաշրջանի որեւէ երկրից։ Կարծում եմ, որ դա ամենամեծ արդյունքն է եւ դա նաեւ ցույց է տալիս, որ ինչ որ մենք անում ենք պետական միջոցներով, բարեգործական մեր հնարավորությունները ի մի բերելով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոններով, շատ կոնկրետ արտահայտվում է մարդկանց իրավիճակի վրա», - մասնավորապես ասել է Աշոտ Ղուլյանը։

Հրապարակված գումարը` շուրջ 21.5 միլիոն դոլարը հավաքագրվել է երեկ կայացած հեռուստամարաթոնի եւ դրանից առաջ տեղի ունեցած հանգանակությունների ընթացքում: Հանգանակությունները ներառում են Հայաստանում, Ղարաբաղում եւ Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնները, ճաշկերույթները, բարեգործական համերգներն ու այլ դրամահավաք միջոցառումները, այդ թվում նոյեմբերի 8-ին Ռուսաստանում կայացած բարեգործական ճաշկերույթը, նոյեմբերի 15-18-ը տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնը եւ երեկ կայացած հեռուստամարաթոնը:

Այս տարվա հանգանակված ընդհանուր գումարը պակաս է նախորդ տարվա հանգանակված ընդհանուր գումարից շուրջ 8 միլիոն դոլարով. 2011-ին ստացված նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել էր 30 միլիոն դոլար:

Բուն հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարն էլ ավելի քան 5 միլիոն դոլարով պակաս է նախորդ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված 12 միլիոն 286 հազար 478 դոլարից։

Ռուսաստանում այս տարի նոյեմբերի 8-ին անցկացված բարեգործական ճաշկերույթի գումարը եւս պակաս է նախորդ տարի տեղի ունեցած բարեգործական ճաշկերույթի ընթացքում հանգանակված գումարից: Նախորդ տարի հավաքվել էր 18 միլիոն դոլար, այս տարի` 12 միլիոն դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանգանակված գումարից կհանվեն, այսպես կոչված, նպատակային գումարները, ինչից հետո մնացած գումարի 10 տոկոսը կհատկացվի սիրիահայերին: Նպատակային գումարների չափն առայժմ հայտնի չէ: Դրանք այն գումարներն են, որոնց նվիրաբերողները հատուկ մատնանշում են դրանց օգտագործման նպատակը:

Գրիգորյանը նշում է, որ հիմնադրամը կաջակցի ինչպես Սիրիայում գտնվող, այնպես էլ Հայաստանում հանգրվանած սիրիահայերին: Բացառություն է կազմում միայն ԱՄՆ Արեւմտյան ափից հանգանակված գումարը, որի 10 տոկոսը կհատկացվի Հայաստանում գտնվող սիրիահայերին: ԱՄՆ այս հատվածից հավաքված գումարը կազմում է 1.5 միլիոն դոլար, որը նախնական է ու ճշգրտման փուլում է։

Ինչ վերաբերում է նվիրատվությունների խոստումներին, ապա Գրիգորյանը նշում է, որ դրանք սովորաբար 90 տոկոսով կատարվում են:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հրապարակած տեղեկատվության համաձայն, հանգանակություններին մասնակցած երկրներից ամենից շատ գումարը փոխանցվել է Ռուսաստանից` ավելի քան 12 միլիոն դոլար, որը հավաքվել է ճաշկերույթի ժամանակ: Երկրորդ տեղում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, որտեղից ստացված նվիրատվությունը կազմել է 2.5 միլիոն դոլար, երրորդ տեղում է Ֆրանսիան, որից փոխանցված գումարը կազմել է ավելի քան 2 միլիոն դոլար: Ամենից քիչ գումար է փոխանցվել Քուվեյթից` 5 հազար դոլար:

Գրիգորյանի տվյալներով, նոյեմբերի 8-ին Մոսկվայում անցկացված բարեգործական ճաշկերույթի ժամանակ ամենաշատ գումարը` 4 միլիոն դոլար նվիրաբերել Սերգեյ Սարկիսովը, ով նախորդ տարի նվիրաբերել էր 3 միլիոն դոլար: Նախորդ տարի բարեգործական ճաշկերույթի ամենաշատ գումարը` 11 միլիոն դոլար հանգանակել էր գործարար Էդուարդո Էռնեկյանը: Էռնեկյանն այս տարվա ճաշկերույթին գումար չի նվիրաբերել:

Արա Աբրահամյանը նախորդ տարվա պես նվիրաբերել է կես միլիոն դոլար: Իսկ գործարար Սամվել Կարապետյանը նախորդ տարվա 1 միլիոն դոլարի փոխարեն այս տարի նվիրաբերել է 1.5 միլիոն դոլար: Գործարարը 2008-ին նվիրաբերել էր 15 միլիոն դոլար, ինչի շնորհիվ նաեւ հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարների մեծության առումով «Հեռուստամարաթոն - 2008»-ը առայժմ մնում է ռեկորդային` այդ ժամանակ նվիրաբերվել էր ավելի քան 35 միլիոն դոլար:

Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնում են նաեւ, որ դեկտեմբերի 8-ին Լիբանանում կանցկացվի դրամահավաք` ռադիոթոն:
XS
SM
MD
LG