Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Համանախագահների այցը նպատակ ունի մեղմել կողմերի միջեւ լարվածությունը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ձախից աջ) Դեսպան Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ), Իգոր Պոպով (Ռուսաստան) եւ Ժակ Ֆոր (Ֆրանսիա)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ձախից աջ) Դեսպան Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ), Իգոր Պոպով (Ռուսաստան) եւ Ժակ Ֆոր (Ֆրանսիա)

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ աննախադեպ է, քանի որ բանակցություններ չկան, բայց չկան նաեւ ռազմական գործողություններ, ասում է Մանվել Սարգսյանը։

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ աննախադեպ է, քանի որ բանակցություններ չկան, բայց չկան նաեւ ռազմական գործողություններ, թեեւ վերջին տարիներին բազմիցս են հնչել գնահատականներ, որ բանակցություններին այլընտրանքը կարող է լինել պատերազմը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցին` նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Ինչ վերաբերում է համանախագահների այս այցին, ապա Սարգսյանի համոզմամբ, այն ընդամենը նպատակ ունի մեղմել կողմերի միջեւ առաջացած լարվածությունը` Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո:

«Ոչ բանակցություններ կան, ոչ պատերազմ, բայց մեզ մոտ տպավորություն կա, որ բանակցությունները վերջացան, եւ առաջիկայում պատերազմի առաջ կկանգնենք։ Այդպես չէ, շատ ավելի բարդ է ամեն ինչ, եւ այս վիճակում ուղղակի պետք է տեսնենք ինչ ապագա կարող է ունենալ այդ բանակցային գործընթացը», - մեկնաբանում է փորձագետը, - «Չեմ կարծում, որ համանախագահները իրենք էլ շատ մեծ հույսեր են կապում, բայց ընդամենը շփման եզրեր գտնելու համար գալը ինքնին իրենց աշխատանքային պլանում է»։

Հիմա, ըստ Սարգսյանի, գործընթացը մտել է մի փուլ, երբ միջազգային հանրությունը կարող է մտածել` նոր մոտեցումներով հանդես գալ ղարաբաղյան խնդրի առնչությամբ:

Այսօր ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին կընդունի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ավելի ուշ` նախագահ Սերժ Սարգսյանը:

Համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին երեկ Ստեփանակերտում ընդունել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ու արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ստեփանակերտում կայացած հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Հավելենք, որ Երեւանից համանախագահները կմեկնեն Բաքու, ուր` երկուշաբթի նախատեսված է նրանց հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG