Մատչելիության հղումներ

Հայ դիվանագետները շարունակում են հանդիպել վրաց նոր պաշտոնյաների հետ


Վրաստանի տարածքում գտնվող հայկական հոգեւոր եւ մշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու հետ կապված հարցերն են քննարկվել այդ երկրի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նորանշանակ նախարար Գուրամ Օդիշարիայի հետ Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի երեկվա հանդիպման ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները կարեւորել են վերոհիշյալ հարցերի արագ եւ արդյունավետ լուծումը։

Հովհաննես Մանուկյանն ընդգծել է, որ մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարեւոր ոլորտներից է:

Վրաստանի մշակույթի նախարարը, իր խորը հարգանքն արտահայտելով հայկական մշակույթի հանդեպ, կարեւորել է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան երկու ժողովուրդներին եւ հասարակություններին, հատկապես` երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել լավ ճանաչել միմյանց:

Այս կապակցությամբ Հայաստանի դեսպանն առաջարկել է Վրաստանում խթանել այնպիսի ծրագրերի, մասնավորապես` հեռուստանախագծերի իրագործումը, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրականացվել են Հայաստանում եւ որոնք Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտան ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդի մշակույթը: Զրուցակիցները համաձայնել են այդօրինակ նախագծերի ծրագրման եւ իրականացման արդյունավետության հարցում:

Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, իր հերթին, հանդիպել է Աջարիայի կառավարության նորանշանակ նախագահ Արչիլ Խաբաձեի հետ:

Հայաստանի հյուպատոսը եւ Աջարիայի կառավարության նախագահն անդրադարձել են, մասնավորապես, Բաթումի – Խուլո – Ախալցիխե - Բավրա` Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը, ինչի առիթով Խաբաձեն հայտնել է, որ երկրի ղեկավարությունը հաստատակամ է այդ ճանապարհը կառուցելու գործում: Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տեւողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ:

Զրուցակիցները շոշափել են աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է համայնքի ակտիվ դերը ինքնավար հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG