Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը Ադրբեջանին կոչ է արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը


Azerbaijan - Armenian opposition leader Raffi Hovannisian speaks to journalists in Baku, 22Nov2012.

Azerbaijan - Armenian opposition leader Raffi Hovannisian speaks to journalists in Baku, 22Nov2012.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Բաքվում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի ճանաչման իրավունք։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին՝ ինչպես է Հայաստանի նախկին արտգործնախարարը վերաբերվում տարածքային ամբողջականության սկզբունքին, արդյոք այն պետք է հարգվի, Րաֆիի Հովհաննիսյանն ասել է, թե դա վերաբերում է բոլոր պետություններին, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։

«Ադրբեջանը նոր պետություն է, կարծում եմ՝ հետխորհրդային տարածքում հարցականի տակ է, թե որն է տարածքային ամբողջականության սահմանը, դա բանակցային գործընթացի նյութ է։ Բայց մի բան ինձ համար հստակ է՝ բոլոր պետությունները հին թե նոր, ճանաչված թե ոչ՝ այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունեն ճանաչման իրավունք եւ Ադրբեջանը լավ կանի առաջինը դա անի, թեեւ հասկանում եմ, որ բարդ բան է», - ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը։

Հովհհանիսյանը հավելել է, թե Ղարաբաղի Ժողովուրդը սահմանադրական ճանապարհով ստեղծել է իր հանրապետությունը եւ ունի ինքնորոշման եւ անվտանգ ապրելու իրավունք։

Անդրադառնալով փախստականների խնդրին՝ «Ժառանգության» ղեկավարն ասել է, թե բոլորին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ՝ անկախ ազգությունից, եւ դա վերաբերում է ինչպես Ադրբեջանին, Ղարաբաղին եւ Հայաստանին, այնպես էլ Թուրքիային։

«Սակայն այդ վերադարձն անվտանգ դարձնելու համար մեզ պետք է նոր միջավայր՝ հիմնված լավ մթնոլորտի, վստահության կառուցման վրա, բայց ոչ ազատազրկված մարդասպանին բաց թողնելով, գերեզմաններ պծղելով եւ ոչ, հատկապես, նախագահի մակարդակով վիրավորական խոսքեր հնչեցնելով հարեւան երկրների մասին։ Դա ոչնչի չի նպաստի, մենք կարող ենք ապրել յուրաքանչյուրս մեր իրականության մեջ՝ տարածելով մամուլի հաղորդագրություններ եւ մեր դիրքորոշման մասին փաստաթղթեր, սակայն, եթե մենք լուծում ենք ցանկանում, ապա նոր հարաբերությունների եւ երկխոսության նոր չափանիշների կարիք ունենք», - նշել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չարժե օգտագործել «օկուպացիա» տերմինը՝ միաժամանակ հիշեցնելով, որ այսօր օկուպացված է հայկական հողերի մեծ մասը։ Պատասխանելով հարցին, թե ի վերջո որն է ադրբեջանահայկական հակամարտության հիմնական պատճառը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն ասել է, թե դա Ադրբեջանի ագրեսիան է Ղարաբաղի բնակիչների նկատմամբ։

Հովհաննիսյանը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում է Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի Գլխավոր ասամբլեային: Նա շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ընդունելության համար՝ հայտարարելով, թե առաջին անգամ է Բաքվում ու մտադիր է այցելել հին հայկական եկեղեցի, ինչպես նաեւ հանդիպել իր հայրենակիցների հետ, քանի որ տեղյակ է, որ Ադրբեջանում մի քանի հազար հայ է ապրում։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG