Մատչելիության հղումներ

Գյումրիի նորընտիր ավագանին գումարեց անդրանիկ նիստը


Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Քվեարկությամբ չեղյալ համարվեց «Չայկա» մակնիշի ավտոմեքենան նախկին քաղաքապետի եղբորը օտարելու մասին որոշումը:

Գյումրիի նորընտիր ավագահին այսօր գումարեց իր առաջին նիստը, որին ներկա էին բոլոր 21 անդամները:

Ավագանու նախկին կազմով հրավիրած արտահերթ նիստում նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրատապ էր համարել իր նախորդի` Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման վերջին տարիների գործունեությունը ֆինանսական աուդիտորական ստուգման ենթարկելու անհրաժեշտությունը: Ավագանին, սակայն, դեմ էր քվեարկել:

Նախապես այսօրվա նիստի օրակարգում ընդգրված այդ հարցը քվեարկությամբ հանվեց օրակարգից:

Հիմնավորելով նման որոշումը` Սամվել Բալասանյանն ասաց. - «Այս պահին Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը երկու հանձնարարականով գտնվում է քաղաքապետարանում եւ ստուգումներ է անցկացնում տարբեր ուղղություններով: Երկրորդ, լիազոր մարմինը նաեւ հանձնարարական է տվել մեր մարզպետարանին եւ հիմա մարզպետարանի բոլոր վարչություններն այստեղ աշխատում են: Եվ երրորդը, մենք այս պահին իրականացնում ենք գույքագրում»:

Ընթացքի մեջ գտնվող ստուգումների ավարտից հետո աուդիտորական ստուգման հարցը, անհրաժեշտության դեպքում, կրկին կընդգրվի օրակարգում:

Նիստում հայտարարվեց, որ շռայլություններ են թույլ տրվել նախադպրոցական կրթության ոլորտում: Քաղաքապետարանի կրթության բաժնի նորանշանակ պետ Արմեն Նախշքարյանը ներկայացրեց «Նոր պարտեզ» մանկապարտեզը լուծարելու հարցը:

«Այս կառույցը գումարներ խժռող կառույց է», - ասաց նա` հավելելով, որ մանկապարտեզի լուծարումը թույլ կտա տարեկան տնտեսել մոտ 13 միլիոն դրամ:

Մանկապարտեզը լուծարման որոշումը քվեարկությամբ ընդունվեց: Իսկ քաղաքապետ Բալասանյանը նշեց. - «Ես անպայման պետք է մանկապարտեզների վարիչներին մրցույթով նշանակեմ, եւ դուք պիտի օգնեք ինձ… Այնտեղ ինչ-որ գումարներ, ինչ-որ միջոցառումներ… 40 միլիոն, 30 միլիոն: Զարմանում ես, լա՞վ էս ում վրա են էս տաշի-տուշին արել, այն էլ` չեղած բյուջեի վրա, երբ որ չորս ամիս աշխատավարձ չի տրվել»:

Օրակարգում էր նաեւ «Չայկա» ավտոմեքենայի օտարման որոշումը չեղյալ համարելու հարցը: Հիշեցնենք, 1959 թվականի արտադրության «Չայկա» մակնիշի ավտոմեքենան աճուրդով օտարվել էր ընդամենը 100 հազար դրամով, իսկ գնորդը նախկին քաղաքապետի եղբայրն է` Գեւորգ Ղուկասյանը: Ավտոմեքենան գնահատող ընկերությունը, պարզվել է, պատկանում է նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի որդուն:

Նոր փորձաքննությունից հետո ավտոմեքենան գնահատվել է 4.5 միլիոն դրամ:

Ներկայացնելով հարցը` Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը ասաց. - «Այդ պատճառով որոշել ենք բեկանել նախկին որոշումը եւ մեքենան վերցնել համայնքի հաշվեկշռին»:

Այս որոշումը նույնպես քվեարկությամբ ընդունվեց`թեեւ ավագանու 7 անդամներ ձեռնպահ քվեարկեցին, ինչը զարմացրեց Բալասանյանին:
XS
SM
MD
LG