Մատչելիության հղումներ

logo-print

Հաշմանդամի սայլակից` համաշխարհային ճանաչում


Մեծ Բրիտանիա - Պարալիմպիկ խաղերի մրցանակակիր Էլիզաբեթ Սթոնը, 30-ը օգոստոսի, 2012թ.

Մեծ Բրիտանիա - Պարալիմպիկ խաղերի մրցանակակիր Էլիզաբեթ Սթոնը, 30-ը օգոստոսի, 2012թ.

Ծնունդով վրացի, անձնագրով՝ ամերիկուհի էլիզաբեթ Սթոնը հավատում է, որ իր պատմությունը հրաշքների իրականացման ապացույց կլինի շատերի համար։

Վրացական փոքրիկ գյուղից` Միչիգան, հաշմանդամի սայլակից՝ համաշխարհային ճանաչում. ահա այն ճանապարհը, որ ակամա, սակայն՝ բազմաթիվ դժվարություններով, հաղթահարել է ծնունդով վրացի, անձնագրով՝ ամերիկուհի 22-ամյա էլիզաբեթ Սթոնը, ով վեց ամիս առաջ Լոնդոնում Պարալիմպիկ խաղերում բրոնզե մեդալ բերեց Միացյալ Նահանգներին։

Ի ծնե հաշմանդամ աղջիկը իրեն կյանք պարգեւած ծնողների եւ վրացի ազգականների մասին վերջերս է միայն իմացել, խիստ պատահաբար, երբ Օլիմպիադայում տարած հաղթանակից հետո նրանով սկսել են հետաքրքրվել լրագրողները: «Երբեւէ չէի հավատա, թե կգտնեմ նրանց», - «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակցի հետ զրույցում խոստովանել է Էլիզաբեթը, որին, սակայն, վրացի հարազատները իրենց խուլ գյուղում մինչ օրս հիշում են որպես փոքրիկ Քեթեւան:

«Ինձ երբեք չէին ասել՝ ինչու են իմ ծնողները ինձնից հրաժարվել ու տվել որդեգրման, բայց ես հավատում էի եւ համոզված էի, որ դա արվել է հանուն ինձ, որ ես ավելի լավ կյանք ունենամ` հաշվի առնելով այն, որ հետագայում ինձ թանկարժեք բժշկական օգնություն է պետք լինելու, ինչը անհասանելի է իմ հարազատ ընտանիքի համար։ Ըստ էության, ես արդեն հաշտվել էի այս մտքի հետ եւ երբեք չեմ զայրացել կամ վատը չեմ մտածել իմ ծնողների մասին», - ասում է Ամերիկայում մեծացած աղջիկը։

Տարիներ առաջ Քութայիսիի որբանոցից նրան որդեգրել է Լինդա Սթոնը՝ մասնագիտությամբ բուժաշխատող ամերիկուհին, ով մինչեւ հիմա արցունքներով է հիշում, թե ինչպես էր փոքրիկ աղջիկը Նահանգներ տեղափոխվելիս վրացերեն խոսում իր հասակակիցների հետ: «Ես մշտապես ասում էի, որ հարազատները հաստատ հիշում ու կարոտում են նրան», - խոստովանում է Լինդա Սթոնը։

«Էլիզաբեթը գուցե նույնիսկ չգիտի, բայց ամեն տարի նրա ծննդյան օրը ես մտածում էի նրա հարազատ մոր մասին ՝ արդյոք նա է՞լ է հիշում այդ օրն իր աղջկան, եւ աղոթում էի այդ կնոջ համար, խնդրում էի Աստծուն, որ նրա մոտ ամեն ինչ լավ լինի», - արցունքն աչքերին ասում է Էլիզաբեթի արդեն հարազատ դարձած մայրը՝ ամերիկուհի Լինդա Սթոնը։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը նաեւ Էլիզաբեթի վրացի մորն է գտել՝ Վրաստանի խուլ, 1000 բնակիչ ունեցող Դիխաշխո գյուղում ապրող Լիանա Խուրցիձեին։ Հարեւաններից շատերն են հիմա նրան մխիթարում, թե մտահոգվելու կարիք չունի, աղջիկն ապահով ձեռքերում է եւ երջանիկ, բայց միեւնույն է` անցյալի հիշողություններն ու կորցրած աղջկա կարոտը հանգիստ չեն տալիս 73-ամյա կնոջը։

«Մենք հող մշակելով էինք մեր հացը վաստակում ու կերակրում ավելի վաղ ծնված երկվորյակներին, այլ եկամուտ չունեինք, հետո ամուսինս էլ մահացավ, սակայն հրաժեշտից առաջ խնդրեց, որ հոգ Լիանա Խուրցիձե

Լիանա Խուրցիձե

տանեմ զույգ երեխաների մասին ու հիշեց նաեւ Քեթինոյին... Մենք երբեւէ չենք մոռացել նրա մասին, ես մշտապես աղոթում ու խնդրում էի Աստծուն, որ եւս մեկ անգամ ինձ հնարավորություն տա տեսնել նրան, որ գոնե մեկ անգամ մինչեւ մահ տեսնեմ իմ երեք երեխաներին միասին», - ասում է նա։

Հնարավոր է, որ վրացի հարազատների երազանքը կատարվի առաջիկա ամիսներին. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պարալիմպիկ խաղերի մեդալակիր լողորդուհին խոստովանել է, որ այժմ գումար է տնտեսում՝ պատմական հայրենիք վերադառնալու եւ իր արյունակիցների հետ հանդիպելու համար։

«Որոշել եմ եւս մեկ մրցաշրջան անցկացնել Նահանգներում, հետո, եթե ամեն ինչ հաջող լինի, հաջորդ տարվա ամռանը կմեկնեմ Վրաստան։ Գիտեմ, որ այցելությունը դժվարին է լինելու, սակայն ուզում եմ գտնել քույր եւ եղբայր, որոնց մասին երազել եմ ողջ կյանք», - ասում է Էլիզաբեթը, ով հուսով է, որ իր պատմությունը մարդկային անսահման հնարավորությունների եւ հրաշքների իրականացման ապացույց կլինի շատերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG