Մատչելիության հղումներ

Թուրքիայի ապօրինի հայկական դպրոցում աշակերտների թիվն աճում է


Թուրքիայի հայկական դպրոցում աշակերտների թիվը գնալով աճում է
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00
Ստամբուլի Հայ ավետարանական եկեղեցում գործող դպրոցը Հայաստանի դպրոցներից գրեթե չի տարբերվում։ Հրանտ Դինքի անվան այս դպրոցում թուրքերեն չեն դասավանդում։ Դպրոցի կազմակերպիչներն ասում են, որ սա իր բնույթով միակ կրթական հաստատությունն է, որտեղ բոլորը առարկաները դասավանդվում են հայերեն` Հայաստանի կրթական ծրագրի համապատասխան:

Դասագրքերը նրանց ուղարկում է Հայաստանի սփյուռքի նախարարությունը:

Դպրոցում սովորում են Հայաստանից Թուրքիա տեղափոխված եւ այդ երկրում անօրինական ապրող հայերի երեխաները:

Ջուլիա Բելգամալյանը 10 տարեկան է: Կյանքի մեծ մասը` յոթ տարի, Ջուլիան Ստամբուլում է անցկացրել, սակայն հիշում է հայրենի Արտաշատ քաղաքը: Ջուլիան որոշել է բժշկուհի դառնալ ու աշխատել Հայաստանում:

«Մաման ասել է, որ դպրոցը վերջացնես՝ պիտի գնանք Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց աղջիկը։

Դպրոցը 100 աշակերտ ունի: Այս թիվը աճելու միտում ունի, ասում է դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը` հավելելով, որ այս տարվա առաջին դասարան է հաճախել 20 աշակերտ:

«Ցավոք սրտի ավելանում է։ Ցավոք սրտի եմ ասում, որովհետեւ ցանկալի չէ, որ Ստամբուլում հայաստանցի երեխաների քանակը 108-ի հասնի։ Շատ եմ տխրում։ Դա նշանակում է, որ ինչ-որ տեղ հավատը եւ հույսը կորցրել են մեր պետության նկատմամբ», - ասում է Հերիքնազ Ավագյանը։

Ավագյանը եւս հայաստանցի է, ով ամուսնացել է պոլսահայի հետ, դարձել Թուրքիայի քաղաքացի ու Հայ ավետարանական եկեղեցու վերապատվելու հետ որոշել նման կրթօջախ բացել: Նպատակը Հայաստանից տեղափոխվող հայերի երեխաներին հայեցի պահելն ու կրթելն է: Դպրոցում ասում են, որ թեեւ Թուրքիայի կառավարությունից դասավանդման թույլտվություն չունեն, բայց արգելքներ էլ չկան:

Ավագյանը նշում է, որ իրենց հատկացրած վկայականով աշակերտները ուսումը կարող են շարունակել Հայաստանում: Դպրոցի ուսուցչակազմը եւս հայաստանցի հայերից է բաղկացած:

Մասնագիտությամբ բանասեր Լիլիթ Պողոյսանը Հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում, ասում է՝ ուրախ է, որ կարողանում են երեխաներին պահել «հայկականության մեջ»։

Հաջորդ ուսումնական տարում դպրոցում նաեւ յոթերորդ դասարան կբացվի: Այժմ այնտեղ սովորում են առաջինից մինչեւ վեցերորդ դասարանցիները:

«Մենք չենք ուզում այստեղ մնալ»


Հայաստանցի լրագրողների այցելության պահին Հերսիլիա Պետրոսյանը թոռնիկի հետեւից էր եկել: Կինն արդեն տասը տարի է Ստամբուլում է բնակվում: Նա, ինչպես նաեւ նրա երեխաները Թուրքիայում աշխատանք ունեն:

«Ինձ թվում է այնքան պետք է մնանք այստեղ, մինչեւ մեր երկրում ամեն ինչ նորմալանա, որ մարդիկ աշխատանք ունենան, կարողանան նորմալ գումար ստանալ աշխատանքի դիմաց», - ասում է նա, - «Մենք չենք ուզում այստեղ մնալ, մենք էլ ենք ուզում շատ մեր երկիրը գնալ, բայց վիճակը գիտեք ինչպես է՝ հնարավոր չէ։ Փորձել եմ Երեւանում աշխատել, մատուցող եմ փորձել աշխատել՝ օրը 1000 դրամ։ Կարո՞ղ ես մեծ ընտանիքը [1000 դրամով] պահել․․․ հնարավոր չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG